Մատչելիության հղումներ

Կառավարությունը խոստացված ժամկետում չի վճարի նաիրիտցիների աշխատավարձը


«Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր շաւրջ երկու ժամով փակել են գործարանի հարևանությամբ գտնվող մայրուղին՝ ի նշան բողոքի, որ իրենց հերթական անգամ խաբել են:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոստումը, թե աշխատավարձի պարտքը ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը, չի կատարվի:

«Նաիրիտ»-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը այսօր առավոտյան իր մոտ է հրավիրել ցույցերը համակարգող խմբի անդամներին՝ տեղեկացնելով, որ պարտքը կմարվի միայն այն դեպքում, եթե աշխատակիցները գրավոր պարտավորություն ստորագրեն, որ հետագայում չեն պահանջելու աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերն ու տուգանքները:

Նշենք, որ աշխատանքային պայմանագիրը նախատեսում է 0.15 տոկոսի չափով տույժ աշխատավարձի ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

«Եթե համաձայն չեք, կարող եք դատարան դիմել», - տնօրենի խոսքերը փոխանցեցին հանդիպման մասնակիցները: Իսկ նրանց հարցին, թե ինչու են այդ մասին իրենց տեղեկացնում վճարման խոստացված ժամկետից ընդամենը մեկ օր առաջ, Սաղաթելյանն պատասխանել է, թե սխալվել են:

Նաիրիտցիներն անօրինական են համարում նման պահանջը և ասում են, թե իրենց փորձում են հերթական անգամ խաբել: Այդուհանդերձ, համաձայն են ստորագրել փաստաթուղթը՝ պայմանով, որ գումարն ամբողջությամբ կստանան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գործարանի տնօրենը գնաց նախարարություն, որտեղից վերադառնալուց հետո ասաց, թե ձևաթղթեր չի բերել, քանի որ այն դեռ մշակվում է: Համոզվելով, որ գումարը մոտակա օրերին նույնպես չեն ստանալու, նաիրիտցիները փակեցին մայրուղին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Երբ մայրուղին արդեն փակված էր, գործարանի տնօրենը ևս մեկ անգամ գնաց նախարարի մոտ՝ այս անգամ իր հետ բերելով ձևաթուղթը: Այս եղանակով աշխատավարձ ստանալ ցանկացողները վաղվանից կարող են ստորագրել այն:

Նաիրիտցիները հայտարարեցին, որ եթե աշխատավարձերը չվճարվեն հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իրենք անժամկետ նստացույց կսկսեն:

Հիշեցնենք, որ մոտ երեք շաբաթ առաջ վարչապետն անձամբ խոստացել էր, որ աշխատավարձի պարտքը ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը: Կառավարության կողմից վերջին հավաստիացումը հնչել էր հուլիսի 9-ին:

XS
SM
MD
LG