Մատչելիության հղումներ

HRW. Ամեն տարի Հայաստանում սուր, բայց ամոքելի ցավից տառապում են հազարավոր մարդիկ


Human Rights Watch-ի լոգոն
Human Rights Watch-ի լոգոն

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում ընդգծում է՝ քաղցկեղի բարդ ձևերով ապրող պացիենտները չեն ստանում ցավազրկող համարժեք դեղեր:

Չստանալով ցավազրկող համարժեք դեղեր` ամեն տարի Հայաստանում սուր, սակայն ամոքելի ցավից տառապում են քաղցկեղի բարդ ձևերով ապրող հազարավոր պացիենտներ: Այդ մասին ասված է Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցում:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ թեպետ արդյունավետ, ապահով և ոչ թանկարժեք ցավազրկող դեղերը Հայաստանում առկա են, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների մեծ մասն անհաղթահարելի բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում դրանք ձեռք բերելու գործընթացում, ինչի հետևանքով խախտվում է նրանց առողջության իրավունքը:

Զեկույցը, որի անգլերեն տարբերակը 86 էջ է, վերնագրված է այսպես. - «Ինձ մնում է միայն արտասվել. քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում»: Զեկույցում նկարագրված է պալիատիվ խնամքի բացակայության աղետալի ազդեցությունը քաղցկեղի բարդ ձևերով պացիենտների և նրանց ընտանիքի անդամների վրա: Արձանագրված է պալիատիվ խնամքի ծառայությունների ընդհանուր բացակայությունը Հայաստանում, ինչպես նաև` ցավազրկող ուժեղ ազդեցության դեղերի հասանելիության` կառավարության կողմից չափազանց խիստ կարգավորումը: Նկարագրված է առողջապահական ոլորտի մասնագետների շրջանում արմատացած այն գործելակերպը, որն արգելակում է ցավի համարժեք ամոքումը, ինչպես նաև՝ պալիատիվ խնամքի առողջապահական մասնագետների կրթության և վերապատրաստման անբավարարությունը:

«Քաղցկեղի վերջին փուլերում գտնվող պացիենտները Հայաստանում ապրում են ցավի, վախի և տառապանքի մեջ` հաճախ չստանալով կամ գրեթե չստանալով մասնագիտական օժանդակություն», - նշել է Հարավային Կովկասում Human Rights Watch-ի հետազոտող, զեկույցի հեղինակ Գիորգի Գոգիան՝ շարունակելով․ - «Առողջապահական համակարգը լքում է նրանց կյանքի առավել խոցելի ժամանակաշրջանում: Հայաստանին անհրաժեշտ է բարելավել առողջապահական քաղաքականությունը և կանոնակարգումը, որպեսզի ապահով և արդյունավետ ցավազրկող դեղերը հասանելի դառնան նրանց, ում դրանք պետք են»:

Զեկույցի հիմքում ընկած են մայրաքաղաք Երևանում և ութ այլ քաղաքներում պացիենտների, նրանց ընտանիքի անդամների, առողջապահական ոլորտի մասնագետների, պետական պաշտոնյաների և պացիենտների իրավունքների պաշտպանության խմբերի և այլ հասարակական կազմակերպությունների հետ իրականացված ավելի քան 90 խորացված հարցազրույցները:

Հայաստանում քաղցկեղի հետևանքով տարեկան մահանում է մոտ 8 հազար մարդ, ընդ որում՝ նրանցից շատերը մահկանացուն կնքում են սոսկալի ցավի զգացողությամբ: Մորֆինը, որը ծանր ցավի ամոքման հիմնական դեղն է, թանկ չարժե և հեշտ է ընդունել, սակայն այն առավելապես անհասանելի է Հայաստանում դրա կարիքն ունեցող անձանց: 2010-2012 թվականներին Հայաստանում տարեկան սպառվել է միջինը մոտ 1.1 կիլոգրամ մորֆին, որը բավարար կլիներ հաշվարկների համաձայն դրա կարիքն ունեցողների ընդամենը մոտ 3 տոկոսի համար: Այլ ծառայությունները, որոնք օգնում են մարդկանց՝ մեղմելու ցավը և կյանքի վերջին շրջանում կրած տառապանքը, նույնպես հիմնականում առկա չեն Հայաստանում, նշված է զեկույցում:

Human Rights Watch-ը պարզել է, որ ցավի արդյունավետ բուժման ճանապարհին Հայաստանում առկա են հետևյալ խոչընդոտները` հաբերի տեսքով մորֆինի բացակայությունը, օրենսդրական սահմանափակումները, անբավարար դեղաչափերը, դեղերի նշանակման բարդ ընթացակարգերը, խիստ վերահսկողությունը ոստիկանության կողմից:

Կազմակերպությունը նշում է նաև, որ երկրում բժշկության և բուժքույրության ուսանողների կրթությունը գրեթե չի ներառում պալիատիվ խնամքին և ցավի համարժեք ամոքմանը նվիրված դասընթացներ, բուժաշխատողները տեղեկացված չեն, վերապատրաստված չեն և չեն ուղղորդվում ափիոնային ցավազրկող դեղերի բժշկական օգտագործման հարցերում:

Հայաստանում պատշաճ պալիատիվ խնամքի ճանապարհին առկա լուրջ խոչընդոտները պացիենտին զրկում են համարժեք բուժօգնությունից և խախտում առողջության իրավունքը: Հայաստանի կողմից ցավազրկող կարևորագույն դեղերի հասանելիության բարելավման ուղղությամբ միջոցառումներ չձեռնարկելը կարող է նաև հանգեցնել Հայաստանի` պացիենտներին դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից պաշտպանելու պարտավորության խախտման:

Միաժամանակ, նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ի գիտություն է ընդունել պալիատիվ խնամքի անհրաժեշտությունը և որոշ կարևոր քայլեր է ձեռնարկել վերջին տարիներին այն ներդնելու ուղղությամբ: Մասնավորապես, պալիատիվ խնամքը ներառվել է կառավարության կողմից ճանաչված առողջապահական ծառայությունների ցանկում: Ստեղծվել է պալիատիվ խնամքի աշխատանքային խումբ, և քաղաքացիական հասարակության կառույցների և փորձագետների հետ սերտ համագործակցության պայմաններում մշակվել է պալիատիվ խնամքի ներդրման ազգային ռազմավարությունը: 2011-2013 թվականներին իշխանություններն իրականացրել են պալիատիվ խնամքի չորս փորձնական ծրագրեր:

«Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է որոշ կարևոր նախապատրաստական քայլեր, սակայն այժմ անհրաժեշտ է խոսքերը վերածել գործողությունների», - ասել է Գոգիան: Որպես առաջին քայլ, ըստ նրա, «Հայաստանի կառավարությունը պետք է բարեփոխի դեղերի խիստ սահմանափակող կարգավորումները և ներդնի հաբերի տեսքով մորֆինը, որը թույլ կտա մեղմել հազարավոր պացիենտների տառապանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG