Մատչելիության հղումներ

Դատարանը այսօր կքննի «Հրապարակ»-ի դեմ Սեյրան Օհանյանի կնոջ հայցը


«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան, արխիվ

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան, արխիվ

Դատավորը մտածելու տեղ ունի, ասում է օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։

Ռուզաննա Խաչատրյանը դատարանից պահանջում է թերթին պարտավորեցնել հերքել անցած մայիսին տպագրված` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, որոնց համաձայն, նախարարի տիկնոջ անունը կապվում էր գործարար Փայլակ Հայրապետյանի որդու՝ Հովիկ Հայրապետյանի մահվան հետ։

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, մինչդեռ, չի պատրաստվում իր պարբերականի էջում ու ինտերնետ տիրույթում տպագրել նախարարի տիկնոջ նամակը։ Խմբագիրը պնդում է, թե թերթն արդեն անդրադարձել է նախարարի տիկնոջ հերքման տեքստում տեղ գտած տեսակետներին՝ վիճարկվող հոդվածներից մեկում անդրադառնալով նաև Ռուզաննա Խաչատրյանի կարծիքին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Արմինե Օհանյանը պնդեց՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ինքը չի ընկրկի՝ կգնա մինչև Եվրոպական դատարան։

«Մեր հրապարակումը ամենաանմեղ հրապարակումներից մեկն է լրագրողական գործունեության պրակտիկայում, ու այդպիսի հոդվածի հետ կապված ի վնաս մեզ որոշում կայացելը շատ բարդ է լինելու», - ասում է պարբերաբար դատական քաշքշուկների մեջ հայտնվող «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը։ Նա նշում է, որ եթե դատավորը ի վնաս թերթի որոշում կայացնի, ապա այդ որոշումը կդառնա միջազգային լրագրողական հանրության քննարկման առարկա՝ «դատավորը մտածելու տեղ ունի»։

Մյուս կողմից, «Հրապարակ»-ում հաշվի են առնում նաև պաշտպանության նախարարի հնարավոր ներգործությունը դատարանի վրա։ Արմինե Օհանյանը հիշեցնում է, որ Հայաստանում դատարանները սովորաբար ավելի շատ առաջնորդվում են անձով, քան բուն գործի էությամբ։ «Այս դեպքում Սեյրան Օհանյանի անձը բնականաբար ներգործություն է ունենում, և պարտադիր չի, որ անձամբ որևէ ձևով, հրահանգով ազդի, այլ պարզապես՝ որ ինքն է հետևում կանգնած, դա արդեն դատարանի համար շատ կողմնոորոշիչ ազդակ է», - կարծում է դատական հերթական պատմության մեջ հայտնված «Հրապարակ»-ի խմբագիրը։

Արմինե Օհանյանը նշում է, որ ժողովրդավարություն հռչակած Հայաստանում մամուլի վիճակը գնալով վատանում է։ «Մամուլի դեմ արշավ է սկսվել», - ասում է՝ դա պայմանավորելով երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակով․ - «Քննադատության արժանի նյութերը շատ են, ու ամեն գնով փորձում են զսպաշապիկ հագցնեն մամուլին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG