Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը՝ պատվավոր հյուր Մարսելում


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մարսելում Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դիմավորելով գործընկերոջը՝ Մարսելի քաղաքապետը նախ կարճ շրջայց է կատարել նրա հետ և ներկայացրել իր ղեկավարած քաղաքի վերջին տարիների զարգացումներն ու ձեռքբերումները:

Առանձնակի կարևորելով տեղի հայ համայնքի դերակատարումը Մարսելի զարգացման հարցում՝ Ժան-Կլոդ Գոդենը վստահեցրել է, որ մշտապես արդարացված է եղել քաղաքային իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ֆրանսահայերի համար Մարսելը, ըստ էության, հարազատ քաղաք է` հատկապես հաշվի առնելով, որ Արևմտյան Հայաստանից առաջինը հենց այստեղ են գաղթել Եղեռնից մազապուրծ հայերը:

Շնորհակալություն հայտնելով հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վստահության և մշտական ուշադրության համար՝ Տարոն Մարգարյանը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ շնորհիվ հայ համայնքի ջանքերի՝ երկու երկրների, նաև Երևանի ու Մարսելի միջև առկա բարեկամական ջերմ հարաբերություններն առավել կակտիվանան ու նոր զարգացումներ կարձանագրեն:

Երևանի քաղաքապետը նաև Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG