Մատչելիության հղումներ

logo-print

Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, շնորհավորական ուղերձ հղել Օլանդին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում և միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։ Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ - ֆրանսիական դարավոր բարեկամությանը և մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին: Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսևորումն են նաև վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ ևս ընդգծեց Ձեր երկրի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին»։

Նախագահը ընդգծել է նաև, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և բարձր է գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետևողական ջանքերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և խորացնել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով` ի շահ մեր ժողովուրդների», - Ֆրանսուա Օլանդին գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG