Մատչելիության հղումներ

Ալիև․ Արևմուտքն ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, քան Ադրբեջանը՝ Արևմուտքի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում կառավարության նիստում, 13-ը հուլիսի, 2015թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում կառավարության նիստում, 13-ը հուլիսի, 2015թ․

«Մենք ոչինչ չենք ուզում, իրենք են մեզնից ուզում՝ գազ, պայմանագրեր, նավթ», - հայտարարել է Արևմուտքի քննադատությունից խիստ վրդովված Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևը համոզված է՝ Արևմուտքն ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, քան Ադրբեջանը՝ Արևմուտքի: Ադրբեջանի նախագահն այս մասին հայտարարել է նախօրեին՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած կառավարության ընդլայնված նիստի ընթացքում:

Իր բավական կոշտ ելույթում, որն ամբողջությամբ ուղղված էր Արևմուտքին, Ալիևն ասել է, թե Արևմուտքի «կեղտոտ արշավն» Ադրբեջանի դեմ թափ է հավաքում հատկապես կարևոր միջազգային միջոցառումների նախաշեմին:

Նրա համոզմամբ՝ Եվրոպայում գլուխ է բարձրացնում ֆաշիզմը, ցեղապաշտությունը, իսլամատյացությունը, այլատյացությունը, հակասեմականությունը, իսկ Ադրբեջանի իշխանություններին քննադատող արևմտյան քաղաքական գործիչները, կոնգրեսականները երկերեսանի են և իսլամատյաց, ովքեր իրենց կյանքը դասավորել են հայկական փողերով:

Տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող երկրի ղեկավարը պնդում է՝ մինչ Բաքվում Եվրոպական խաղեր էին ընթանում, Արևմուտքը Ադրբեջանի դեմ տեղեկատվական պայքարի էր ելել: Բնականաբար, հաղթեց Ադրբեջան պետությունը, ադրբեջանցի նախարարներին վստահեցրել է Իլհամ Ալիևը: «Այդ արշավը ապացուցեց, որ որևէ արտաքին ուժ ի զորու չէ ազդել մեր կամքի վրա», - ասել է նա:

Ալիևին հատկապես վրդովեցրել է Գերմանիայի Բունդեսթագը, որը Եվրոպական խաղերի բացման օրը հրապարակել էր զեկույց, ըստ որի՝ Ադրբեջանում արտահայտվելու, մամուլի, հավատքի և ազատ հավաքվելու ազատությունը պարբերաբար խախտվում է: Գերմանացի պատգամավորները իրենց կառավարությանը կոչ էին արել Ադրբեջանից պահանջել անմիջապես և առանց նախապայմանների բանտերից ազատել քաղբանտարկյալներին, համացանցի ակտիվիստների համար մամուլի ազատության երաշխիքներ տալ: «Ի՞նչ գործ ունի Բունդեսթագը մեզ հետ: Ո՞ւմ տեղն են դրել իրենց, ինչ է, իրենք աշխարհի տիրակալներն են, մենք էլ պետք է ենթարկվե՞նք իրենց: Մենք ոչինչ չենք ուզում, իրենք են մեզնից ուզում՝ գազ, պայմանագրեր, նավթ», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա հիշել է, որ Եվրոպական խաղերի օրերին գերմանացի պատգամավորներից բացի իր վարչակազմը քննադատել են նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները, խոսել է այդ մասին, բայց և նշել, թե Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարներն անձամբ են իրեն խորհուրդ տվել ուշադրություն չդարձնել նման քննադատություններին: «Մենք էլ ուշադրություն չենք դարձնում»,- ասել է Իլհամ Ալիևը, ում խոսափողը համարվող՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, մինչդեռ, ԵԽԽՎ-ի բանաձևի ընդունումից հետո օրեր շարունակ Թվիթերում, ադրբեջանական լրատվամիջոցներում ու այլ հարթակներում քննադատում էր այդ բանաձևի հեղինակներին, սպառնում, հեգնում, մեղադրում նրանց կաշառակերության մեջ:

«Եթե ուշադրություն դարձնեինք, ապա կանեինք այն, ինչ իրենք են պահանջում: Նման բանաձևերը մեզ համար թղթի կտոր են. ոչ ոք երբեք դա չի կատարի», - նաև ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG