Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանից ներգաղթյալներին արտաքսելու գաղափարը տարիներ շարունակ գովազդող ազգայնական գործարար Գերման Ստերլիգովը այսօր Շուշիում հայտարարել է, թե ինքը որևէ առնչություն չունի ազգայնականություն դավանող կազմակերպությունների՝ մասնավորապես «Բոռն»-ի հետ:

Հիշեցնենք` շուրջ տասն օր առաջ նա իր ընտանիքով տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ։

Ռուսական մամուլն արձագանքելով լուրին՝ ենթադրեց, որ Ստերլիգովը ռուսաստանյան արդարադատությունից է փախել, քանի որ կարող է ներգրավվել «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» նկատմամբ հարուցված քրեական գործում: Այս կազմակերպության անդամները դատապարտվել են ազատազրկման փաստաբան Ստանիսլավ Մարկելովի ու լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության գործով։

Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն՝ «Բոռն»-ի հիմնադիր, ցմահ ազատազրկման դատապարտված Նիկիտա Տիխոնովը հայտարարել է, որ Ստերլիգովը ոչ միայն ֆինանսական օգնություն է տրամադրել կազմակերպությանը, այլև տարածք «Բոռն»-ի անդամների մարզումների համար:

«Այդ ամենը սուտ է, նախկինում չեմ էլ լսել «Բոռն»-ի մասին, առաջին անգամ մեկ շաբաթ առաջ այդ կազմակերպության մասին որդուցս եմ իմացել», - հայտարարել է Ստերլիգովը, ավելացնելով, որ ոչ թե ռուսական արդարադատությունից, այլ իր և իր ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքներից է փախել։

Ասում է` իր հեղինակած «Ահեղից մինչև Պուտին» վերտառությամբ գիրքը լույս տեսնելուն զուգահեռ ջրի երես դուրս եկան նաև իր թշնամիները, ովքեր տարիներ շարունակ դավեր են նյութում Աստծո անունով երդվող միլիարդատիրոջ դեմ:

«Այդ դասագիրքը վանեց շատերին։ Ինձնից նեղացան բոլորը, և դա զգացին իմ թշնամիները՝ կեղծ եկեղեցին, գիտնական կախարդները։ Սկզբում իմ հասցեին սպառնալիքներ էին հնչում, տունս վառեցին, երեխայիս փորձեցին առևանգել, սակայն այդ ամենը մանր հարձակումներ էին», - պատմել է ռուսաստանցի գործարարը, ով համոզված է, որ իրեն հետապնդում են ամերիկյան հատուկ ծառայությունների պատվերով:

Տարիներ առաջ Ռուսաստանի նախագահի, ապա Կրասնոյարսկի մարզի ղեկավարի, հետո նաև Մոսկվայի քաղաքապետի պաշտոններին հավակնած ու չընտրված Ստերլիգովի կարծիքով Ռուսաստանում իշխանափոխության մասին երազողները հենց իրեն են որպես խոչընդոտ տեսնում:

Ղարաբաղում գտնվելու հաշված օրերի ընթացքում ձեռնարկատեր Ստերլիգովը հասցրել է նոր բնակավայրում սեփանականություն ձեռք բերել, ձի ունի, որը երբեմն փոխարինում է թանկարժեք մեքենային, ջրաղաց, կինը շուտով նորաձևության տուն է բացելու, իսկ ինքը մտադիր է զբաղվել ոսկյա և արծաթյա մետաղադրամներ թողարկելով, ինչպես նաև գյուղատնտեսությամբ: Ասում է՝ որոշել է նպաստել Ղարաբաղի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությանը, այդ առիթով մի քանի օր առաջ ստեղծել և գրանցել է ռուս-ղարաբաղյան առևտրի տունը։ Մինչ այդ սակայն Ստերլիգովը երկար ճանապարհ ունի կտրելու։ Առաջիկա օրերին մտադիր է Ռուսաստան մեկնել՝ որպեսզի ոչ ոք չկարծի, թե խուսափում է իրավապահներից:

«Կմնամ այնտեղ մի քանի օր, դրանից հետո հետ կվերադառնամ: Ես կմեկնեմ, որպեսզի խնդիրներ չստեղծեմ իմ հայ ընկերների համար, որպեսզի նրանց չմեղադրեն հանցագործին աջակցելու մեջ: Եթե որոշեն ինձ ձերբակալել, թող ձերբակալեն, եթե ոչ՝ ես հետ կվերադառնամ: Կարևորը, որ ընտանիքս ապահով վայրում լինի»,- ասել է ռուսաստանցի գործարարը:

XS
SM
MD
LG