Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ը պահանջում է պատժել անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին


«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կարծում է, որ հունիսի 23-ի դեպքերի համար ոստիկաններին կարգապահական տույժի ենթարկելով՝ Ոստիկանությունը փորձում է «հերթական անգամ իմիտացիոն քայլերով մեղմել ժողովրդի զայրույթը կարգազանց ոստիկանների նկատմամբ և փակել առաջ քաշված պահանջի կատարումը»։

Հիշեցնենք, այսօր Ոստիկանությունը հայտարարեց, որ Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ի ոստիկանական գործողությունների առնչությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ինը ոստիկանի կարգապահական տույժի է ենթարկել։ Ոստիկանության մեկ ծառայողի պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, մեկը նկատողություն է ստացել, յոթն էլ՝ խիստ նկատողություն։

«Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է «պատժել անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին և քաղաքացիական հագուստով այն մարդկանց, ովքեր ներկայանում էին որպես ոստիկան` ցուցաբերելով լկտի պահվածք և կատարելով անօրինական գործողություններ, ինչպես նաև պատժի ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին դեպքի վայրում գտնվող ոստիկանության բարձրաստիճան հրամանատարական կազմին»։

Նախաձեռնությունը նաև պահանջում է հեռացնել նրանց համակարգից, այնուհետև գործ հարուցել նրանց նկատմամբ և այդ քայլով հաստատել, որ վերջիններս անօրինական քայլեր կատարելու համար հրաման չեն ստացել ոստիկանապետի կողմից:

«Նշված պահանջի կետերը չկատարելու պարագայում ամբողջ պատասխանատվությունը մնում է անձամբ Վովա Գասպարյանի վրա»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG