Մատչելիության հղումներ

Երևան - Երասխ ճանապարհին ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել


Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ երեկ ժամը 16:30-ի սահմաններում Երևան - Երասխ մայրուղու Արարատի մարզի Այնթապ գյուղի ճանապարհահատվածում բախվել են Ստյոպա Ավետիսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի և Վազգեն Միքայելյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Օպել»-ի վարորդը և ուղևորներ Լամարա Ղաբուզյանը, Անահիտ Ստեփանյանը և Եկատիրինա Ավետովան մահացել են, իսկ Ստյոպա Ավետիսյանը և «Օպել»-ի ուղևորուհի Մարիա Թոփչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Նախնական քննության արդյունքներով՝ «Մերսեդես»-ը ժամում 100-120 կիլոմետր արագությամբ Երևան - Երասխ ավտոճանապարհով ընթացել է Երևան քաղաքի ուղությամբ, «հասնելով Արարատի մարզի Այնթապ գյուղի ճանապարհահատված` մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս`փորձելով վազանց կատարել իր առջևից ընթացող, քննությամբ չպարզված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային»: «Վազանց կատարելուց հետո «Մերսեդես-Բենց»-ի վարորդը փորձել է վերադասավորվել իր ուղեմաս, սակայն բախվել է համընթաց ընթացող և ճանապարհի ձախ կողմում գտնվող ավտոճանապարհագազալցակայան ձախ շրջադարձով մուտք գործող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG