Մատչելիության հղումներ

Բուդաղյանի և այլոց գաղտնալսված հեռախոսազրույցները «զրո ապացույց են պարունակում»


Բուդաղյանի և այլոց գաղտնալսված հեռախոսազրույցները «զրո ապացույց են պարունակում»
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Նույն հաջողությամբ, ըստ փաստաբանի, կարող են Սյունիքի մարզպետի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրել ցանկացած քաղաքացու:

Մինչ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալությունները Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է չորս կասկածյալների հեռախոսազրույցները։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Խաչատրյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը, նախաքննական մարմինն ու դատարանը ազատազրկման որոշում կայացնելու համար հիմնվել են հենց հեռախոսազրույցների վրա, որոնցում, սակայն, որևէ բառ չկա ո՛չ Սուրիկ Խաչատրյանի, ո՛չ մահափորձի, ո՛չ էլ առհասարակ այդ թեմայի մասին։

Փաստաբանը, ով պատրաստվում է հրապարակել այդ զրույցների բովանդակությունը, հայտարարեց, որ դրանք զրո ապացույց պարունակող կենցաղային խոսակցություններ են, նույն հաջողությամբ կարող են մարզպետի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրել ցանկացած քաղաքացու:

«Կարելի էր նույն հաջողությամբ ասել, որ էդ խոսակցությունների ընդհանուր վերլուծությունը թույլ է տալիս մտածելու, որ Հայկ Ալումյանն էլ է էնտեղ եղել, ցանկացած մեկը, հասկանո՞ւմ եք: Ոչ մի բան՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի, ո՛չ չափազանց կասկածամիտ մարդու տեսանկյունից, չի կարող հիմք դառնալ՝ մտածելու, որ էդ հեռախոսային խոսակցությունները գոնե ինչ-որ կերպ կապ ունեն Սուրիկ Խաչատրյանի դեպքի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը՝ մանրամասնելով․ - «Ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի անունը չի տրվում, ոչ միայն էնպիսի խոսակցություն է, որ կարելի է մտածել, որ ինչ-որ կոդավորված բաներ են խոսում, չէ, ընդհանրապես՝ էդ խոսակցությունը որ տեսանկյունից ուզում եք վերլուծեք, ինչ աստիճանի կասկածամիտ մարդ ուզում է դա վերլուծի, ասում եմ՝ ընդհուպ պարանոյիկին էլ որ տաք վերլուծի, ինքը չի կարող դրանից ենթադրել, որ էդ խոսակցությունը կարող է ինչ-որ կերպ առնչվի Սուրիկ Խաչատրյանի դեպքի հետ»:

Այնինչ, ընդգծեց փաստաբանը, «դա միակն ապացույցն է էսօր, որ Արա Բուդաղյանը առնչվում է էդ դեպքին»: «Այսինքն, գոյություն չունի ապացույց, թղթի կտորներ՝ 15 թուղթ», - հավելեց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել մարզպետի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք ձերբակալվեցին մոտ մեկուկես ամիս անց․ Հենրիկ Ավագյանին առաջադրվեց մահափորձն իրականացնելու և ապօրինի զենք կրելու, Գարեն Աթաջանյանին ու Վիտալի Մինասյանին՝ մահափորձին աջակցելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքներ։

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ մեղադրանքում նշված է, որ Արա Բուդաղյանը գումար է տվել Սուրիկ Խաչատրյանի մահափորձն իրականացնելու համար, մինչդեռ վկայակոչվող հեռախոսազրույցում, ընդհակառակը, խոսվում է Բուդաղյանից որոշ ժամանակ առաջ պարտքով վերցված 200 հազար դրամը վերադարձնելու մասին:

«Արա Բուդաղյանի հետ նրանցից մեկը խոսում է, ասում է՝ «կլինի՞՝ փողը մի քիչ ուշ բերեմ քեզ տամ, ամսվա վերջ բերեմ տամ», 200 հազար դրամ մոր ծնունդի համար Արա Բուդաղյանից պարտք էր վերցրել՝ մի մասը տվել էր, մի մասն էլ չէր կարողանում տալ, զանգել էր, ասում էր՝ «կլինի՞ ամսվա վերջին բերեմ տամ», նա էլ ասում է՝ «դե մի քիչ արագացրու, աշխատիր ամսվա վերջին անպայման բերես տաս»: Ոչ թե Արա Բուդաղյանն է տալիս՝ Արա Բուդաղյանին փող են վերադարձնում», - պատմեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Այ էս կարգի խոսակցություններ: Ես հանգիստ խղճով էդ խոսակցությունները կարող եմ տամ, հրապարակեք, տանեք կարդաք, տողատակեր փնտրեք, չգիտեմ, տանեք նույնիսկ տաք, ասենք, պարանոյիկ մի հիվանդի՝ թող ինքը փորձի էդ տեսանկյունից վերլուծի, թե կարող է՞ սրա տակ ինչ-որ մի նենց բան կա, որ նորմալ մարդը չի հասկանում»:

Հարցին՝ «ինչո՞ւ հենց Արա Բուդաղյանը պիտի լիներ դրդողը», Հայկ Ալումյանը արձագանքեց․ - «Գիտեք, ես զառանցանքներ չեն ուզում մեկնաբանեմ, որ զառանցողի տպավորություն չթողնեմ, այ էդպես»:

Հայկ Ալումյանը կապ է տեսնում Արա Բուդաղյանին ուղղված, իր կարծիքով, անհիմն մեղադրանքների և մարզպետի տան մոտ երկու տարի առաջ Բուդաղյանների եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի միջև։ Ըստ նրա, փորձ է արվում վարկաբեկել Բուդաղյաններին, ներկայացնել հանցագործ, քանի որ նախորդ գործով դատաքննությունը հայտնվել է փակուղում։

«Գևորգ Կոստանյանի խառնվելուց հետո միշտ Բուդաղյանները պրոբլեմներ են ունենում։ Չգիտեմ՝ Կոստանյանը հատուկ Բուդաղյանների նկատմամբ ինչ-որ բա՞ն ունի, թե՞ միշտ հատուկ հօգուտ Սուրիկ Խաչատրյանի գործելու շարժառիթներ ունի... Տեսեք, Կոստանյանը Ստրասբուրգից եկավ, գործը պահանջեց Քննչական կոմիտեից, փոխանցեց Ազգային անվտանգության ծառայություն, կարճ ժամանակ հետո կալանավորվեց Արա Բուդաղյանը։ Ես չեմ ուզում մտածել, որ էստեղ ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ են աշխատում, բայց իրենք էլ էնպես պիտի գործեն, որ մարդիկ ակամայից այդպես չսկսեն մտածել։ Էն, ինչ ինքը արեց 2013-ի հունիսից սկսած՝ էդ բիրտ միջամտությունը, ինձ հիմք է տալիս ասելու, որ էստեղ իրավիճակին չտիրապետելը չէ խնդիրը։ Էստեղ իրավիճակը ուղղորդելն է, իրական մեղավորներից բոլորի ուշադրությունը շեղելն է։ Եվ այդ ձեռագիրը մինչև հիմա նկատվում է»,- ասաց Ալումյանը։

Ինչ վերաբերում է գործով մյուս կալանավորվածների հեռախոսազրույցներին, դրանցում էլ խոսվում է ինչ-որ մեկի որդուն բանակից ազատելու անհրաժեշտության մասին։ Մարզպետի մահափորձն իրականացնելու մեջ մեղադրվող Հենրիկ Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը փոխանցեց, որ նախապատրաստված կամ նախապատրաստվող հանցագործության մասին այստեղ էլ որևէ խոսք չկա. զրույցը չի վերաբերում ո՛չ գործին, ո՛չ դեպքին, գաղտնալսումները կատարվել են մահափորձից մոտ մեկուկես ամիս անց։ Պաշտպանից տեղեկացանք, որ Հենրիկ Ավագյանը ևս չի ընդունել մեղքը։

«Իմ պաշտպանյալը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել և ցուցմունք չի տվել»,- փոխանցեց Խչեյանը։

Մարզպետի մահափորձին աջակցելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանն էլ օրերս ահազանգել էր իր ընտանիքին ուղղված սպառնալիքների մասին՝ Ազգային անվտանգության ծառայությանը խնդրելով ապահովել ընտանիքի անվտանգությունը։ Ծառայության արձագանքի մասին առայժմ որևէ տեղեկատվություն չկա։

XS
SM
MD
LG