Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպան․ Տարածաշրջանում Հայաստանը ծառայում է որպես կայունացնող բևեռ


«Մարդիկ պետք է ազատություն ունենան իրենց կամքը արտահայտելու», - անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում ծագած բողոքի ակցիաներին՝ հայտարարեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Միաժամանակ, ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը «նորմալ» համարեց իշխանությունները միջամտությունը․ - «Ի սկզբանե ուշի-ուշով հետևել ենք ընթացող զարգացումներին: Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները վերաբերում են երկրի ներքին կյանքին, և ես, բնականաբար, չեմ կարող մեկնաբանություններ անել: Բայց, զարգացումներին հետևելով, կարող եմ ասել՝ բոլորի ցանկությունն է, որ հնարավորինս արագ լուծում գտնվի: Ի դեպ, տպավորություն ունեմ, որ ցույցերը մեղմվել են: Բնական է ու շատ նորմալ, որ ժողովրդավարական երկրում ինչ-որ բանի հետ չհամաձայնող մարդիկ ելույթ ունենան: Սա հնարավորություն է, որ իրենք իրենց դժգոհությունը կարողանան արտահայտել: Բնականաբար, մարդիկ պետք է ազատություն ունենան՝ իրենց կամքը արտահայտելու, բայց, մյուս կողմից, նորմալ է, որ պետական իշխանությունները միջամտեն, որպեսզի ապահովեն հասարակական կարգը»:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության գործադրած բռնություններին՝ այդ թվում լրագրողների նկատմամբ, նույն օրը հայտարարություններով արձագանքեցին Հայաստանում Միացյալ Նահանգների, Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ հրապարակավ մտահոգություն հայտնելով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման և լրագրողների դեմ գործադրված բռնությունների կապակցությամբ: Ռուսաստանի դեսպանը միջադեպի հաջորդ օրը կարևորեց կայունությունը և իրավիճակի հանգուցալուծումը իրավական դաշտում:

Այսօր «Ազատության» խնդրանքով Ֆրանսիայի դեսպանը ներկայացրեց իր կարծիքը․ - «Մեր կարծիքով, տարածաշրջանում Հայաստանը ծառայում է որպես կայունացնող բևեռ: Սա այն երկիրն է, որտեղ հերթափոխի սկզբունքով ու կանոնավոր տեղի են ունենում ընտրություններ: Այս տեսանկյունից իրավիճակը Հայաստանում մեզ բավարար է թվում: Մեր, Եվրամիության ընդհանուր գնահատականն է, որ Հայաստանի որդեգրած դիրքորոշումը ճիշտ ուղու վրա է, թեև եղել են որոշ խնդրահարույց ոլորտներ, որոնք մենք մատնանշել ենք, մեր դիրքորոշումն ենք արտահայտել՝ արդարադատության համակարգ, կանանց նկատմամբ բռնություններ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ինչ-որ դրսևորումներ»:

Շարպանտիեն «առանձնահատուկ և բարձրակարգ» բնորոշեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք «ընթանում են անկեղծ, բարեկամական մթնոլորտում»:

Եկող շաբաթ սպասվում է համանախագահների այցը

Անդրառանալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ դեսպանը հայտարարեց․ - «ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է, և այդ կառույցում համանախագահություն ստանձնած երեք պետությունները ներդաշնակորեն աշխատում են իրար հետ, և Ֆրանսիան պատրաստակամ է օգնել՝ գտնելու հակամարտության կարգավորման բանակցված տարբերակ»:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի փոխանցմամբ՝ սպասում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մյուս շաբաթ կայցելեն տարածաշրջան:

XS
SM
MD
LG