Մատչելիության հղումներ

Ինը ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել հունիսի 23-ի գործողության առնչությամբ


Ինը ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել հունիսի 23-ի գործողության առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ի ոստիկանական գործողությունների առնչությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ինը ոստիկանի կարգապահական տույժի է ենթարկել։

Ոստիկանության մեկ ծառայողի պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, մեկը նկատողություն է ստացել, յոթն էլ՝ խիստ նկատողություն։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ տույժի ենթարկված ոստիկանները կարգապահական խախտումներ են թույլ տվել, օրինակ, «զսպված չեն եղել ու վայելուչ ու քաղաքակիրթ չեն դրսևորել իրենց»։

Այս շարքում ամենաբարձրաստիճան պաշտոնյան Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Մեհրաբյանն է, ում նկատողություն է հայտարարվել։ Մինչդեռ այդ օրը բերման ենթարկված «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը պնդում է, որ բազմաթիվ բարձրաստիճան ոստիկաններ նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Այնտեղ կային շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց անմիջական վերահսկողության ներքո է եղել այս ամեն ինչը, և որևէ կերպ այդ պաշտոնատար անձինք չփորձեցին սանձել իրենց ենթականերին։ Չփորձեցին սանձել այդ այլանդակ պահվածքը քաղաքացիների, աղջիկների, կանանց, ընդհանրապես ժողովրդի հանդեպ»,- ասաց Սարգսյանը։

Ոստիկանությունը Բաղրամյանի դեպքերի հետ կապված քննությունը դեռ շարունակում է։ Վաղը երեկոյան էլ բռնություն կիրառած ոստիկաններին պատժելու պահանջով բողոքի երթ են անցկացնելու «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները։ Քաղաքացիները Երևանի կենտրոնական փողոցներով շարժվելու են դեպի գլխավոր դատախազություն։

Նախաձեռնության անդամները այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ պահանջելու են պատասխանատվության ենթարկել քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառած անձանց։ Վաղվա բողոքի ցույցի ընթացքում նախատեսում են նաև հրապարակել քաղաքացիական հագուստով ոստիկանների անունները։ Ըստ նախաձեռնության, նրանցից շատերն անգամ օլիգարխների թիկնազորի անդամներ են։

«Չի բացառվում՝ ակտիվիստներով այցելենք իրենց տները, հորդորենք չմասնակցել ցույցերին, ոնց որ իրենք են անում մեզ»։

Բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելը «Ո՛չ թալանին» նախաձեռնության երեք պահանջներից մեկն է։ Նրանք արձանագրեցին, որ պահանջներից ոչ մեկը դեռ չի կատարվել։

«Մեր պահանջները ուղղված են Աբրահամյան Հովիկին ու Սարգսյան Սերժին։ Եթե այս ամենից հետո, այս համաժողովրդական ընդվզումից հետո, որը տեղի ունեցավ ողջ Հայաստանով, այլ գրեթե ամբողջ Սփյուռքը մեր պահանջների հետ կապված ոտքի կանգնեց, ապա մենք նպատակահարմար չենք գտնի իրենց կառավարումը»,- ասաց Սարգսյանը։

Վերջին օրերին նախաձեռնությունը մարզային մի քանի քաղաքներում քննարկումներ էր անցկացնում. ասացին, որ մարզերում քաղաքացիները պայքարի ամենաարդյունավետ միջոցը փողոց դուրս գալն են համարում։

«Մենք անընդհատ դուրս ենք գալու փողոց, որովհետև եթե չլինի փողոցային ճնշումը, մնացած քայլերը կոնկրետ ես անիմաստ եմ համարում, որովհետև իրենք պետք է անընդհատ այդ ճնշումը զգան»,- ասաց նախաձեռնության անդամներից Արտուշ Չիբուխչյանը։

«Եթե իրենք իրենց լռությամբ ամեն ինչ կտանեն նրան, որ նորից ՀՀ քաղաքացին նույն թափով դուրս գա փողոց, այս անգամ շատ ավելի հզոր է լինելու դա։ Ոչ միայն Բաղրամյանը կարելի է փակել։ Երևանում և ընդհանրապես հանրապետությունում կան բազմաթիվ փողոցներ, որոնք կարող են փակվել՝ անգամ շատ ավելի արդյունավետ»,- հավելեց Մաքսիմ Սարգսյանը։

Իրենց պահանջների կատարման համար նախաձեռնության անդամները վերջնաժամկետ չեն սահմանել, դեռ սպասելու են, համոզված են, որ ցանկացած պահի կարող են բազմամարդ ցույց կազմակերպել, չեն բացառում, որ հենց վաղվա երթի ընթացքում հնարավոր է փողոց փակեն։

«Մենք Բաղրամյան պողոտան էլ որ առաջին անգամ փակեցինք, նստացույց արեցինք, ոչ մեկը չգիտեր, իրադրությունը թելադրեց։ Վաղն էլ իրադրությունը կթելադրի, միգուցե կփակենք»։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը չի բացառում նաև սակագնի բարձրացման դեմ պայքարող մյուս նախաձեռնող խմբի հետ համագործակցությունը։ Նույն կերպ են տրամադրված նաև «Ոտքի՛ Հայաստան» խմբում, որտեղ նախապատրաստվում են առաջիկա օրերին տեղի ունենալիք հանրահավաքին։

XS
SM
MD
LG