Մատչելիության հղումներ

12-րդ «Ոսկե Ծիրանը» բացվեց Ռոբեր Գետիկյանի ֆիլմով


Ցուցադրությանը հետևեց փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:

«Ոսկե Ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը բացվեց երեկ ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ:

Ցուցադրությանը հետևեց փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:

Նաստասյա Կինսկին և Օռնելա Մուտին կինոփառատոնի բացման արարողությանը:

Նաստասյա Կինսկին և Օռնելա Մուտին կինոփառատոնի բացման արարողությանը:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն են աշխարհահռչակ կինոդերասանուհիներ Նաստասյա Կինսկին ու Օռնելա Մուտին:

Արդեն այսօր հրավիրված ասուլիսում Ռոբեր Գետիկյանը, ում ֆիլմերից շատերն արծարծում են Հայոց ցեղասպանության թեման, նշեց, որ ինքը հայի ու գերմանուհու զավակ է, և իրենց տանը Եղեռնի մասին խոսելն արգելված չի եղել, ինչպես Ցեղասպանությունից փրկված առաջին սերնդի հայկական ընտանիքներից շատերում:

«Խենթ պատմություն» ֆիլմը, ի դեպ, այս տարի ընդգրկված էր Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների ծրագրում:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց «Գետը կարմրել է» վավերագրական կինոժապավենը, որը կառուցված է Հայոց ցեղասպանության երեք տասնյակ ականատեսների վկայությունների վրա, իսկ Հ․ Մալյանի անվան թատրոնում՝ «Գաղթից գաղթ» ֆիլմը: Այս տարվա փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Մենք կանք», «Ճիչ», «Երախտիքի տուրք» և «Այլևս երբեք» ծրագրերի շրջանակներում կցուցադրվեն ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Հոլոքոսթի, Սուդանում, Պերուում և այլուր տեղի ունեցած ցեղասպանությունների մասին պատմող ֆիլմեր:

Հայաստանյան կինոհանդիսատեսին սպասում է հագեցած շաբաթ՝ ցուցադրություններով, անվանի կինոգործիչների հետ հանդիպումներով, վարպետության դասերով:

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր «Ոսկե Ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը իտալացի աշխարհահռչակ կինոդերասանուհի Օռնելա Մուտիին հանձնեց «Փարաջանովյան թալեր» պարգևը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Այնուհետև ցուցադրվեց «Սվանի սերը» ֆիլմը (1984), որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Մուտին:

«Ազատության» հետ զրույցում Հարություն Խաչատրյանն ասաց, որ այս տարի բազմաթիվ պատվավոր հյուրեր ունի փառատոնը՝ շեշտելով, որ կազմակերպիչներն ամեն բան անում են, որպեսզի բոլորը գոհ մնան, սիրեն Երևանն ու Հայաստանը, «Ոսկե Ծիրան» փառատոնը:

Ճապոնացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Կիմ դո Հուանի համար սա ամենասիրելի փառատոներից մեկն է, որովհետև, ինչպես ինքն ասաց «Ազատության» հետ զրույցում, այն իր շուրջն է հավաքում թե՛ արևելյան, թե՛ արևմտյան շատ հետաքրքիր կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների:

Նա արդեն 4-րդ անգամ է մասնակցում փառատոնին․ 2007-ին փառատոնի պատվավոր հյուրն է եղել, 2010-ին՝ մրցութային հանձնաժողովի անդամ, իսկ 2013-ին նրա կարճամետրաժ ֆիլմն արժանացել է մրցանակի: Այս տարի որպես պրոդյուսեր է հանդես գալիս․ ներկայացնում է իր ուսանողներից մեկի կարճամետրաժ ֆիլմը:

Ֆրանսիայից ժամանած կինոքննադատ Իրենա Բիլիչը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Ոսկե Ծիրանն» արդեն Եվրոպայում շատ հայտնի կինոփառատոն է․ - «Բոլորին է հայտնի, որ այս փառատոնին թե՛ շատ անվանի հյուրեր են գալիս, թե՛ շատ հետաքրքիր ֆիլմեր են ընտրվում ցուցադրության համար: Բոլորը գիտեն նաև, որ հայերը շատ հյուրընկալ ու սրտաբաց մարդիկ են, և եթե դու գնում ես մասնակցելու «Ոսկե Ծիրանին», դու կարծես թե տուն ես գնում»:

XS
SM
MD
LG