Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր Վարդավառի տոնի կապակցությամբ սիմվոլիկ «ջրոցի» էր կազմակերպել Երևանի Բաղրամյան պողոտայում:

Հունիսի 23-ին ոստիկանները ջրցան մեքենա էին կիրառել Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը փակած և նստացույց հայտարարած «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստների դեմ: Այսօր Բաղրամյան պողոտայում ակտիվիստները վերադարձնում էին «պարտքը»:

«Լիքը միլիցա ենք ջրել, որ այդ կարծրատիպը կոտրվի: Իրենք մեզ ջրեցին, մենք էլ իրենց, ու թող իմանան՝ ոնց իրենք մեզ հետ կվարվեն, այնպես էլ մենք՝ իրենց, այսինքն՝ ինչ կտան, այդ էլ կստանան, ջրին՝ ջրվում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիային նաև տարբեր քաղաքացիներ էին միացել:

«Երևի 60-70 հոգու կարգի կայինք: Բաղրամյանում՝ այստեղ փողոցում ենք խաղացել, մայթերում», - պատմեց Մաքսիմ Սարգսյանը:

էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկեց բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա, սակայն դեպի Բաղրամյան 26` Հայաստանի նախագահի նստավայր նրանց ճանապարհը փակեց ոստիկանությունը, որը ջրցան մեքենաների կիրառմամբ հաջորդ օրը վաղ առավոտյան ցրեց ակցիան, 237 մարդ բերման ենթարկվեց: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք անցկացվեց Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ այն անընդմեջ շարունակվեց մինչև հուլիսի 6-ը, երբ ոստիկանությունը կրկին ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը և վերականգնեց պողոտայի երթևեկությունը: Ցուցարարների տեղադրած բարիկադները՝ «Սանիտեկ» ընկերության աղբամանները, հեռացվեցին, իսկ պողոտայից հեռանալ հրաժարվող ցուցարարներից 46 հոգի բերման ենթարկվեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG