Մատչելիության հղումներ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը տեղացիներ չեն մասնակցում


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներին առաջին իսկ օրերից հետևում են ոչ միայն լրատվամիջոցները, այլ նաև երկաթգծի հարակից հայաբնակ գյուղերի բնակիչները։ Իշխանության եկած «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի խոստումը, թե երկաթգծի կառուցումը տնտեսապես կաշխուժացնի Ջավախեթիի շրջանը և տեղի բնակիչների համար նոր աշխատատեղեր կապահովի, չիրականացավ։

Երկաթգծի հարակից Կարծախ գյուղից այստեղ այժմ ոչ ոք չի աշխատում։ Գյուղացիները պատմում էին, որ երկու տասնյակ մարդիկ, ովքեր սկզբում անցել էին աշխատանքի, ստիպված եղան դուրս գալ՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու պատճառով։ Նրանց մի մասն այժմ դատական կարգով է փորձում ստանալ վաստակած գումարը։ Խաչիկ Սաղաթելյանը պատմում է, որ իր թոռներին 1500 լարի (շուրջ 300 հազար դրամ) դեռ պարտք են։

«Կային մարդիկ, որ դատով փողը ստացան, ես էլ ամեն օր խոսում եմ Թիֆլիս ինժեների հետ, որ իմ տղաներին աշխատեցրել է: Ասում է՝ պետք է փողը տան, որ տանք», - պատմեց Սաղաթելյանը:

Երկաթգծի շինարարությունը պետք է ավարտին հասցվեր դեռ 2010-ի վերջին։ Նույն թվականին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները Բաքվում արձանագրություն ստորագրեցին՝ երկաթուղային նախագծի իրականացման աշխատանքներն արագացնելու մասին, սակայն դրանք երկարաձգվեցին մի քանի տարի ևս:

Շինարարություն իրականացնող թուրքական կամ ադրբեջանական ընկերությունները մեծ հաճախականությամբ փոխարինում են միմյանց՝ ամեն անգամ իրենց հետ նոր աշխատողներ բերելով։ Կարծախ գյուղի բնակիչներից Շողինար Քերոբյանն ասում է, որ եղբայրն այստեղ աշխատանքը կորցնելուց հետո ստիպված է եղել նորից Ռուսաստան գնալ։ Գյուղի տղամարդկանց համար սա միակ այլընտրանքն է։

«Գնում ենք ամիսներով կարտոշկա ենք հավաքում, էդ փողով մի կերպ ապրում ենք», - ասաց Շողինար Քերոբյանը:

Երկաթգիծը գյուղի կյանքում ոչինչ չփոխեց, փաստում են տեղի բնակիչները․ նրանց խոսքով, շարունակում են ապրել առանց ջրի, գազի ու անհրաժեշտ պայմանների։ Մեկ տարի առաջ թեև տեղում ջրագիծ կառուցել են, սակայն խմելու ջուրն այդպես էլ չի հասել գյուղ։

«Շինեցին, պրծան ու գնացին, ոչ միացրին, ոչ էլ: Բոլորիս համար անհայտ մնաց, թե ինչու այդքան աշխատանք արեցին, սարքեցին, էսօր շահագործման չդրին», - ասաց գյուղացիներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG