Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օգնություն ստացողների շարքում և ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը: Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը, «Արցախին Ամերիկայի օժանդակությունը շարունակելու մասին երեկվա որոշումը կարևոր քայլ էր Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար»:

Նրա խոսքով, 1998-ից ի վեր Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան օգնությունը կարևոր դեր է խաղում տեղի բնակչության մարդասիրական խնդիրները կարգավորելու համար:

Սենատի հատկացումների հանձնաժողովը, հիշեցնենք, առաջարկում է նաև 10 տոկոսով ավելացնել ամերիկյան օժանդակությունը Հայաստանին` հասցնելով 20 միլիոն դոլարի:

Հայաստանին ամերիկյան հատկացումների միջոցով տասնյակ հայ երիտասարդներ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում, հարյուրավոր կանանց համար ապահովվում է քաղցկեղի անվճար վաղ ախտորոշում և բուժում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վնասազերծվում են հազարավոր ականներ, փրկվում և բարելավվում են բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Միայն Ղարաբաղում ԱՄՆ-ի պետբյուջեից ստացված միջոցներով և բարերարների օգնությամբ հաջողվել է վնասազերծել 250-ից ավելի ականապատված դաշտ: Հայաստանում տասնյակ գյուղեր ապահովվել են ոռոգման և խմելու ջրով, լուսավորվել են մարզային քաղաքների և գյուղերի փողոցներ, մանր արտադրողներին վարկ ստանալու հնարավորություն է տրվել:

Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, Միացյալ Նահանգների օգնությունը նաև կարևոր խորհրդանշական դեր է կատարում. - «Սրանք կարևոր քայլեր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի կապերն ամերիկյան կառավարության հետ ամրապնդելու ուղղությամբ»:

Հայ համայնքն այժմ փորձում է նաև երաշխավորել, որպեսզի Սիրիայի փախստականներին ԱՄՆ-ի կողմից հատկացվող 195 միլիոն դոլարի օգնության մի մասը տրամադրվի Սիրիայից Հայաստան և այլ երկրներ տեղափոխված հայերին:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները, որպեսզի համոզված լինի, որ այն բոլոր հայերը, որոնք Սիրիայից տեղափոխվել են Հայաստան և այլ երկրներ, օժանդակություն ստանան», - նշեց Եղիսաբեթ Չուլջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG