Մատչելիության հղումներ

«Այս պետության համար ես գոյություն չունեմ»


«Այս պետության համար ես գոյություն չունեմ»
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

66-ամյա Ադելաիդա Հարությունյանը տարիներ շարունակ ապրում է մայրաքաղաքի կենտրոնի շենքերից մեկի շքամուտքում

66-ամյա Ադելաիդա Հարությունյանը տարիներ շարունակ ապրում է մայրաքաղաքի կենտրոնի շենքերից մեկի շքամուտքում։ Ճամպրուկներն ու հնամաշ առարկաները իրար վրա դիզելով՝ իր համար կացարան է ստեղծել 4-րդ և 5-րդ հարկերի արանքում․ ո՛չ ազգական ունի, ո՛չ բարեկամ, ո՛չ էլ անգամ անձնագիր, որ ստանա իր հասանելիք թոշակը:

«Այնքան տեղ եմ գնացել՝ уже мне надоело», - ասում է նա, - «Ամիսներով, տարիներով շարունակ․․․ ես արդեն չգիտեմ ինչ անել: Այս պետության համար ես գոյություն չունեմ, անձնագիրն ի՞նչ է, որ չեն տալիս», - դժկամությամբ համաձայնելով խոսել տեսախցիկի առաջ, ասում էր անօթևան կինը, ավելացնելով՝ եթե թոշակ ստանա, գոնե կգնա՝ վարձով կապրի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գիտեն անօթևան Ադելաիդայի մասին:: Ասացին՝ թոշակը չեն կարողանում ձևակերպել, քանի որ որևէ տեղ գրանցված չէ: Ի պատասխան մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող է գրանցում ունենալ մի մարդ, ով ո՛չ տուն ու տեղ ունի, ո՛չ հարազատ ու բարեկամ, նախարարությունից հորդորեցին դիմել անօթևանների կացարան:

Այստեղ էլ տնօրեն Շավարշ Խաչատրյանը հայտարարեց, թե կինը հոգեկան խնդիրներ ունի, և թեպետ իր գլխավորած կացարանում նման խնդիրներով մարդկանց չեն ընդունում, այդուհանդերձ, պատրաստ է բացառություններ անել, խոստացավ՝ կօգնեն Ադելաիդային փաստաթղթերը կարգավորել և թոշակ ստանալ:

«Մենք իրավունք չունենք հոգեկան հիվանդներին մեզ մոտ պահելու, բայց ուզում ենք աջակցել իրեն, որ կարողանանք իր փաստաթղթերը հանեն, բայց ինքը չի ցանկանում, իսկ մենք ստիպողական իրեն չենք կարող բերել․ դա մարդու իրավունքների խախտում է», - ասաց Խաչատրյանը:

Այսօր երբ նորից այցելեցինք տիկին Ադելաիդային՝ ոչ նրան տեղում գտանք, ոչ էլ իրերը: Հարևաններն ասացին, թե կինը միայն ցուրտ եղանակներին է պատսպարվում շքամուտքում, իսկ տաք օրերին տեղափոխվում է շենքի բակ:

Հարևաններից նաև հետաքրքիր մանրամասներ իմացանք Ադելաիդայի անցյալից: Նա պատահական չէ որպես կացարան ընտրել ա՛յս բակում: Ժամանակին Ադելաիդան 4-սենյականոց բնակարան է ունեցել հարակից շենքում: Հարևան Տիգրանը մեզ պատմեց, որ Ադելաիդայի հետ մի բակում է մեծացել․ ներկայիս հիվանդ ու թափառաշրջիկ կնոջը ժամանակին Շրջանայինի գեղեցկուհի էին անվանում, հիշում է նա և ավելացնում՝ Ադելաիդան պարզապես խարդախության զոհ դարձավ և փողոցում հայտնվեց որդու և ազգականների պատճառով:

«Խաբել է, իրեն թողել է այստեղ ու գնացել է՝ Ամերիկայում է, բավականին բարվոք վիճակում է ինքը», - պատմեց հարևանը:

Այսօր Ադելաիդան ավլում էր իր մանկության բակը, որպեսզի նախկին ընկերներն ու հարևանները օրվա հացի փող տան և որպեսզի ոստիկանություն չդիմեն՝ տարածքից վտարելու համար: Ասում է՝ «կորցրել եմ հավատս մարդկանց հանդեպ», այդ իսկ պատճառով հրաժարվում է այլևս դիմել որևէ պետական կառույցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG