Մատչելիության հղումներ

logo-print

Գերակա հանրային շահի գոտու բնակչի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ


Սա առաջին դեպքն է շուրջ 15 տարի առաջ սկսված Երևանի կենտրոնի կառուցապատման պատմության մեջ:

Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցների և Սախարովի հրապարակի միջև ընկած գոտու բնակիչներից Ալֆրեդ Կզարթմյանը իրավապահներին դիմել էր դեռ ապրիլին՝ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփերզ» ընկերության և «Անիկոմ» գնահատող ընկերության գործողությունները որակելով թալան:

«Փորձաքննությունների ազգային բյուրոն գնահատել է միայն տունը 300 հազար, իսկ ինքը իմ տանը, 180 մետր սեփական հողին տալիս ա ընդամենը 230 հազար դոլար: Սա թալան ա, սա առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կզարթմյանը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործի նախաքննության շրջանակում նշանակված է շինարարատեխնիկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Այն ստանալուց հետո միայն կտրվի իրավական գնահատական:

Գործը հարուցվել է կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու փաստով, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այդ հոդվածով որպես պատիժ նախատեսված է տուգանք՝ մինչև կես միլիոն դրամ, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Մինչ իրավապահները քննում են Կզարթմյանի դիմումը՝ դատարանը կալանք է դրել նրա գույքի վրա․ - «Իսկ եթե վաղը քրեական գործով մեղադրանք առաջադրվի «Անիկոմ» ՍՊԸ-ի և «Լոկալ դիվելոփերզ»-ի որոշ աշխատակիցների նկատմամբ, բայց մինչև այդ դատարանը արդեն որոշի իմ սեփականությունը օտարել, վռնդել և այլն, ո՞վ է պատասխան տալու դրա համար»:

Հարություն Սերոբյանը նույն իրացման գոտու բնակիչ է: Նա էլ պնդում է, որ Երևանի փոքր կենտրոնի սրտում գտնվող իր տան, բակի, նկուղի, վերնահարկի և խորդանոցի համար ոչ համարժեք փոխհատուցում է առաջարկում «Լոկալ դիվելոփերզ»-ը՝ 98 հազար դոլար․ - «Շատ ցածր: Ես բակ ունեմ, ծառ ունեմ․․․ տունը կարելի հաշվել նաև այգին հետը: Եթե ես շենքում գնամ տուն առնեմ, շատ ավելի թանկ արժի, քան իրենց տված գումարը»:

Սերոբյանի խոսքով՝ իրենք գնահատող ընկերությանը չեն վստահում, քանի որ այն համագործակցում է «Լոկալ դիվելոփերզ»-ի հետ․ - «Ասում են՝ գնահատել է անկախ կազմակերպություն․․․ Եթե այս հողը պիտի առնեմ և այդ անկախ կազմակերպությանը ես եմ վճարում, այդ անկախ կազմակերպությունը ո՞ւմ շահերն ա պաշտպանում․․․ իմ շահերը պիտի պաշտպանի, որովհետև ես եմ վճարողը»:

«Լոկալ դիվելոփերզ»-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ տարածքի մոտ 90 տոկոսն արդեն իրացված է, մնացածի հարցը դատարանում կորոշվի: Ասաց նաև, որ ինքը իրացնողն է, իսկ բնակիչները գնահատողի հետ խնդիր ունեն։

Դիտարկմանը, թե բնակիչների պնդմամբ՝ գնահատող ընկերությունը համագործակցում է «Լոկալ դիվելոփերզ»-ի հետ՝ ի վնաս իրենց, Մայրապետյանը հակադարձեց, թե «Անիկոմ»-ից բացի հարյուրավոր կազմակերպություններ կան, թող բերեն ցանկացած այլ լիցենզավորված ընկերության գնահատում, դատարանը կորոշի՝ ով է ճիշտ և ով՝ սխալ:

Ալֆրեդ Կզարթմյանը վստահեցրեց, որ պայքարելու է մինչև վերջ:

Նրա հարևան Արմինե Գյուլգյուլյանն ասաց, որ արդեն տարիներ շարունակ իրենց սեփականությունը չեն կարողանում տնօրինել, ամեն տարի նամակ են ստանում «Լոկալ դիվելոփերզ»-ից, որ իրացման գոտի է, որ տունը քանդվելու է, սակայն գործընթացը ձգձգվում է՝ ամեն նամակի հետ իրենց նոր սթրեսի ենթարկելով:

Արմինեի խոսքով՝ այժմ, ի տարբերություն նախորդ տարիների, կարծես իրոք քանդելու մտադրություն կա: Իրենք, սակայն, ոչ մի լավ բան չեն սպասում․ - «Կուզենայի օրենքի ուժով պետություն ունենայի, որ եթե ես իմանայի, որ ինձ իմ երկրում նեղում են, գոնե կարայի իմ պետությանը դիմեի, ապահով զգայի, որ իմ պետությունը իմ մեջքին կանգնած ա»:

«Պետական կարիքների զոհեր» հասարական կազմակերպության հիմնադիր Սեդրակ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ 2007 թվականից ի վեր այդ տարածքն արդեն երրորդ անգամ է գերակա շահ ճանաչվում և տրվում նույն ընկերությանը․ - «Անհայտ է, թե ինչպիսի մոտեցմամբ է ընտրվում այդ կազմակերպությունը: Ինձ թվում է, ուղղակի այստեղ խնամի-բարեկամ հարաբերություններն են, կամ այն մարդիկ, ովքեր իրենց համար փող են աշխատում: Որովհետև ուր նայում ես, գերակա հանրային շահ իրականացնող կազմակերպությունները նույն դեմքերն են: Եվ այդ մարդը, որը չի իրականացնում, նրան երրորդ անգամ ևս լրացուցիչ տրամադրում են այդ ծրագիրը իրականացնել»:

XS
SM
MD
LG