Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը շուրջ 320 հազար եվրո են տրամադրել Շիրակի մարզի համայնքներում վերականգնվող էներգետիկ համակարգեր ներդնելու համար:

Ծրագրի նպատակը արևի անվճար էներգիայի օգտագործումն է, ինչը ներկայումս արդիական է դառնում էլեկտրաէներգիայի սակագնի պարբերական բարձրացման համատեքստում: Արևի էներգիայի օգտագործման համար, սակայն, սպառողը համապատասխան համակարգի տեղադրմանը բավական մեծ գումար պետք է հատկացնի:

Ծրագրի մասնակիցներից Ֆերթի հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Սահակյանն այս ոլորտում մասնագիտացել է և իր տանը արևի էներգիայով աշխատող սեփական համակարգն է տեղադրել: Գնահատելով դրա արդյունավետությունը, Սահակյանն ասում է․ - «Մեր ընտանիքում տարվա կտրվածքով միջինը էլեկտրաէներգիայի մինչև 50 տոկոսի տնտեսում ունենք»:

Եվրամիության այս ծրագրին անհատները չեն կարող մասնակցել: Համայնքապետարաններն են առաջարկություններ ներկայացնելու այս կամ այն հաստատությունը ջեռուցելու կամ տաք ջրով ապահովելու համար: ԵՄ-ն այսպիսով ցանկանում է համայնքներում իրազեկում իրականացնել վերականգնվող էներգետիկ համակարգերի արդյունավետության մասին: Հետագայում օրինակը կարող է վարակիչ դառնալ ու տարածվել, ինչից հետո արդեն անհատները կսկսեն իրենց տներում ներդնել համակարգը:

Ըստ Խաչիկ Սահակյանի, մինչև 100 քմ տարածքով բնակարանները ջեռուցելու և արևային էներգամատակարարման համակարգ տեղադրելու համար կպահանջվի 3-5 հազար դոլարի ներդրում: Հաշվարկների համաձայն, ներդրած գումարի հետգնման ժամկետը 3-5 տարի է:

Մասնագետները գնահատել են մարզի արևային ռեսուրսը և ասում են, որ այն շատ նպաստավոր է: Բիոսոֆիա կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանն ասում է, որ այս ծրագիրը նպատակ ունի արևային համակարգերի առավել լայն կիրառում ապահովել: «Այս ծրագիրը պետք է լինի առաջին պայթյունը, հետո այն պետք է իր շարունակությունն ունենա», - նշում է Պետրոսյանը:

Ծրագրի շրջանակում մարզի տարածքում կկառուցվեն հատուկ ցուցադրական կենտրոններ, որոնցում ցանկացողները հնարավորություն կունենան ծանոթանալ արևային համակարգերի աշխատանքին:

XS
SM
MD
LG