Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. երեք անձ ձերբակալվել է


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքի կենտրոնում 32-ամյա տղամարդու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 12-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևանի Պուշկին և Սարյան փողոցների հատման մասի մոտակայքում առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել Երևանի 32-ամյա բնակչին ու հափշտակելով վերջինիս ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափի` 38 հազար դոլար գումար, «Մաքբուք» համակարգիչ, «Այֆոն 4» բջջային հեռախոս, դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված գործի քննությամբ պարզվել է, որ տուժողը տարվա սկզբից զբաղվել է «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ կատարելով, հուլիսի 3-ին Հարավային Ամերիկայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ոչ- ոքի արդյունքի վրա կատարել է 10 հազար դոլարի չափով խաղադրույք և շահել է 18 միլիոն 48 հազար դրամ: Հուլիսի 9-ին Մաշտոցի պողոտայից վարձակալած տաքսի ավտոմեքենայով գնացել է «Վիվառո» ընկերության կենտրոնական գրասենյակ և ստացել շահումը, ապա նույն տաքսի ավտոմեքենայով վերադարձել Պուշկինի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկը և դրամը փոխանակել դոլարի։ Ոտքով տուն վերադառնալու ճանապարհին՝ մինչ Սարյան փողոց հասնելը, թիկունքից մեկը բռունցքով ուժգին հարվածել է 32-ամյա տղամարդու աջ քունքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս դեմքով ընկել է գետնին, ապա մի քանի հոգի աջ և ձախ կողմերից ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վերցնելով տուժողի ուսից կախված համակարգչի պայուսակը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք փողոցում կանգնած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ավտոմեքենան, և հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ։

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է արևային ակնոց, կրակայրիչ, ավտոմեքենայի զննությամբ առջևի ձախ դռան վրայից հայտնաբերվել է արնանման հետք, իսկ սրահից` երկու դիմակ, մետաղյա ձող:

Նախաքննության ընթացքում առգրավվել են տուժողի և երեք կասկածյալների հագուստները, նշանակվել են դատակենսաբանական, մատնադրոշմային, միկրոմասնիկային փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG