Մատչելիության հղումներ

Ակտիվիստ. Պայքարը տանելու ենք հաղթանակի


Հոսանքի թանկացման դեմ պայքարող ցուցարարները հաջորդ շաբաթ հանրահավաք են հրավիրում։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 20 օր տևած բողոքի ցույցերի շարքը ավարտվեց երեկ երեկոյան Ազատության հրապարակում։ Ելույթ ունեցողները կրկին հայտարարեցին, որ պահանջատեր են, բայց և խոստովանեցին, որ քիչ են, ուստի հանրահավաք կանցկացնեն հաջորդ շաբաթ։

Համակարգող խմբի անդամ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ կոնկրետ օր դեռ չեն որոշել, բայց առաջիկայում այդ մասին կիրազեկեն քաղաքացիներին։

«Մենք շարժվելու ենք առաջ դեպի հաղթանակ, որովհետև այս երկրի տերերը մենք ենք՝ բոլորս միասին, այն հաղթած ժողովուրդը, որը 15 օրից ավել ցույց տվեց, որ անկոտրում է, որ ոչ մի զիջման չի գնալու և պայքարը տանելու է հաղթանակի», - հայտարարեց Այվազյանը։

Ոստիկանությունը երեկ Օպերային հարող տարածքում մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել, բերվել էր նաև ջրցան մեքենա։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց ցուցարարներին, որ երթ թույլ չեն տալու։ Բողոքի ցույցի համակարգողներն էլ ասացին, որ բախում չեն ուզում, իսկ մեծաթիվ ոստիկանների առկայությունը ապացուցում է, որ «իրենք ուժ են»։

Երեկվա ցույցի ընթացքում համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը դադարեցրեց երեք օր տևած հացադուլը։ Հայտարարեց, որ պայքարի այլընտրանքը արտագաղթն է, ուստի իրենք պետք է մինչև վերջ պայքարեն։

«Հացադուլս դադարեցնում եմ, բայց մի չակերտավոր պայմանով, որ հրապարակները, փողոցները ազատ չենք թողնելու: Այս իշխանությունների կամայականություններին, անարդարություններին, ապօրինություններին մեր իներտ կեցվածքով չենք պատասխանելու, այլ պայքարելու ենք, որ նրանք լքեն իրենց պաշտոնները և այդ պաշտոններում լինեն մարդիկ, ովքեր կփոխեն Հայաստանը», - հայտարարեց Սանասարյանը։

Նրա առաջարկով, ցույցի մասնակիցների երեք պահանջներին ավելացավ ևս մեկը՝ Գլխավոր դատախազությունը պետք է ստուգումներ սկսի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, իսկ եթե դա չարվի, ապա, ըստ Սանասարյանի, հաջորդ հանրահավաքում հրաժարականներ են պահանջելու։

Պայքարը շարունակում է նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը. վաղը խմբի անդամները Վանաձորում քաղաքացիների հետ են հանդիպելու, իսկ հուլիսի 14-ին նախատեսում են բողոքի երթ անցկացնել Երևանի կենտրոնում։

Նախաձեռնությունից Մաքսիմ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երթով գնալու են Գլխավոր դատախազություն՝ պահանջելու, որ բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների հետ կապված շուտափույթ բացահայտումներ լինեն։

Ի դեպ, «Ո՛չ թալանին»-ը հրաժարվել է մասնակցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում անցկացվելիք աուդիտի գործընթացին։ Սարգսյանի խոսքով, պայքարի ամենաարդյունավետ միջոցը իրենց համար փողոց դուրս գալն է, և առաջիկայում բողոքի ցույցերը նոր թափով են սկսելու։

«Մենք ասել ենք, որ փողոցային պայքարը երբեք էլ չի դադարել, շարունակելու ենք նաև փողոցում պայքարելը։ Մամուլում որոշակի լուրեր, որ շրջանառվեցին, չգիտեմ ում կողմից, որ «Ո՛չ թալանին»-ը պայքարից դուրս է եկել, նման բան չկա։ Մենք շարունակելու ենք փողոցային պայքարը, ու դա բոլորն էլ կտեսնեն, որի մեկնարկը տրվելու է հենց ամսի 14-ից», - ասաց նախաձեռնության անդամը։

Նա չի բացառում նաև, որ կհամագործակցեն վերջին օրերին բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամների հետ։ Նույն կերպ է տրամադրված նաև այդ խումբը. «Ազատության» հետ զրույցում «Ո՛չ թալանին»-ին Բաղրամյանից հեռանալուց հետո բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը ասաց, որ իր կարծիքով, ցույցի մասնակիցների քանակի նվազումը նաև երկու խմբերի բաժանվելն էր։ Նա նշեց, որ պատրաստ են համագործակցության, ինքը մասնակցելու է հուլիսի 14-ի բողոքի երթին։

«Պետք է բոլորս հասկանանք, որ խնդիրը չի լուծվել, ու խնդիր ենք ունենալու օգոստոսի 1-ից, այսինքն՝ օգոստոսից սպառելու են, սեպտեմբերից մարդիկ կանգնելու են նոր խնդրի առաջ», - ասաց Սանասարյանը։

XS
SM
MD
LG