Մատչելիության հղումներ

Հայաստանում եվրասիական շարժման ջատագովը կասկածվում է բռնաբարության փորձի մեջ


Անդրանիկ Նիկողոսյան

Անդրանիկ Նիկողոսյան

Հայաստանում եվրասիական շարժման քարոզիչ և «Պուտին» ակումբներ ստեղծելու ջատագով Անդրանիկ Նիկողոսյանը Ռուսաստանում կասկածվում է բռնաբարության փորձի, կնոջը դաժանորեն ծեծի ենթարկելու մեջ:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, իրավապահներին հայտարարություն է ներկայացրել մի կին՝ պնդելով, թե մայիսի վերջին Նիկողոսյանն իրեն հրավիրել է Մոսկվայի Լենինյան պողոտայում գտնվող մի բնակարան, փորձել է բռնաբարել ու դաժան ծեծի է ենթարկել իրեն: Ինչից հետո իրենց դուրս ուղեկցած Նիկողոսյանի վարորդ Էդգարը արդեն փողոցում կրկին ծեծի է ենթարկել իրեն:

Նիկողոսյանը Մոսկվայում գործող ԱՊՀ երկրների երիտասարդների միության խորհրդի նախագահն է․ մեր հեռախոսազանգին ի պատասխան ներկայանալ չցանկացած աշխատակցուհին ասաց, որ նախագահը տեղում չէ, և իրենք նույնպես չեն կարողանում կապվել նրա հետ:

Ըստ մամուլի հրապարակումների, Մոսկվայի Գագարինի շրջանի ոստիկանությունում այժմ ընթանում է փաստերի ստուգում, սակայն ինքը՝ Նիկողոսյանը, չի կատարել ոստիկանության պահանջը և չի ներկայացել ոստիկանական բաժանմունք, նրա հեռախոսները անջատված են:

«Ազատություն»-ը հարցում է ուղարկել Ռուսաստանի քննչական կոմիտե, ուր դիմել է նշված կինը, և Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություններ: Այս պահին պատասխան չունենք:

Հայաստանում եվրասիական շարժմանը վերաբերող տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելուց զատ, Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ 2011-ին Երևանում բացվեց «Ռուսական գրքի տուն» կազմակերպությունը:

Սակայն հայաստանյան հանրությանը Նիկողոսյանը հատկապես հայտնի դարձավ անցած տարի հունիսին, երբ Կրեմլի խոսափողը համարվող՝ «Россия сегодня»-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հյուրընկալվեց Հայաստանի Ազգային ժողովում: Սկանդալային այդ հանդիպման ժամանակ էր, որ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Հայկ Բաբուխանյանի, Տաճատ Վարդապետյանի ներկայությամբ Կիսելյովը հրամայական տոնով պահանջեց Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը՝ հավելելով, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով ստացվեց Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի աշխատակազմի հայտարարությունը, ըստ որի ռուսական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը «կատարյալ զրպարտության վառ օրինակ է»:

Այդ ինստիտուտի մասին ոչինչ հայտնի չէ: Նամակին կից չկան կոնտակտային տվյալներ, իսկ էլեկտրոնային փոստը, որից ուղարկվել է նամակը, գրանցված է mail.ru կայքում, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է փոստարկղ բացել:

XS
SM
MD
LG