Մատչելիության հղումներ

Էշուն և Սփայերը Հայոց ցեղասպանության բանաձևին ընթացք տալու կոչ են անում


Կոնգրեսականներ Աննա Էշու (ձախից) և Ջեքի Սփայեր
Կոնգրեսականներ Աննա Էշու (ձախից) և Ջեքի Սփայեր

Միացյալ Նահանգների հայկական արմատներ ունեցող երկու կոնգրեսականները՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը կոչ են արել մինչև օգոստոսյան արձակուրդները Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկել և քվեարկության դնել «Հայոց ցեղասպանություն․ ճշմարտություն և արդարություն» բանաձևի նախագիծը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ երկու կոնգրեսականները օրինագիծը բնութագրել են իբրև «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը խթանող սկզբունքային և գործնական մոտեցում»:

Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և ազդեցիկ անդամ Էլիոթ Էնջըլին հղած նամակում Սփայերը և Էշուն նշել են, որ իրենք մաս են կազմել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան գործուղված ԱՄՆ-ի նախագահական պատվիրակությանը: Երկու կանայք ընդգծել են իրենց եզակի դերը որպես Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հայկական ծագում ունեցող անդամներ, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ:

Թիվ 154 բանաձևի նախագիծը, որ հովանավորում են երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականներ՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկու համանախագահներ Ռոբերտ Դոլդը և Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն, այժմ Ներկայացուցիչների պալատում ունի ավելի քան վեց տասնյակ աջակիցներ: Այն, մասնավորապես, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին աշխատել հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որի հիմքում լինի Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների՝ Թուրքիայի կողմից լիակատար ճանաչումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG