Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը առաջարկում է ուղղակի օգնություն Ղարաբաղի համար


Սենատոր Մարկ Քըրք
Սենատոր Մարկ Քըրք

Արտաքին հատկացումների հանձնաժողովը առաջարկում է նաև ավելացնել 2016-ին Հայաստանին տրամադրվելիք ամերիկյան օգնության չափը:

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը, հետևելով սենատոր Մարկ Քըրքի առաջարկին, վերահաստատել է իր շարունակական օժանդակությունը ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին ուղղակի օգնության տրամադրմանը: Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, հիշեցնելով, որ Սենատում երկու կուսակցությունների աջակցությունը վայելող ծրագրով մարդասիրական օգնություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին սկսած 1998 թվականից:

«Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել սենատոր Մարկ Քըրքին Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու հարցում ցուցաբերած ջանքերի համար», - ըստ հաղորդագրության, հայտարարել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, շարունակելով․ - «Այս օգնությունը խիստ անհրաժեշտ է մարդասիրական հրատապ կարիքների բավարարման համար: Այն նաև Արցախի քաղաքացիների ժողովրդավարական ձգտումներին Միացյալ Նահանգների ցուցաբերած համերաշխության հզոր առհավատչյան է»:

Հիշեցնենք՝ փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր 2016-ին Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար դոլարի օգնություն, Լեռնային Ղարաբաղի համար օգնություն նախատեսված չէր: Այդուհանդերձ, Ամերիկայի հայկական կազմակերպությունները կոչ էին արել կրկնապատկել Հայաստանին հատկացվելիք օգնության չափը և Ղարաբաղին տրամադրել 5 միլիոն դոլարի օգնություն:

Սենատի հանձնաժողովը նախագծում ավելացրել է Հայաստանի համար նախատեսված օգնության չափը՝ հասցնելով այն 20․06 միլիոն դոլարի, ևս 1․7 միլիոն դոլար առաջարկվում է հատկացնել որպես ռազմական ֆինանսավորում, 600 հազար դոլար էլ՝ ռազմական կրթության և վարժանքների համար: Ինչպես և նախորդ տարիներին, հանձնաժողովը կոչ է արել պահպանել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:

Հայաստանի հարևան երկրներ Վրաստանին և Ադրբեջանին որպես տնտեսական օգնություն հանձնաժողովն առաջարկել է տրամադրել, համապատասխանաբար, 54 միլիոն և 8․778 միլիոն դոլար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից նաև տեղեկացնում են, որ Սենատի հանձնաժողովը հատուկ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարության վիճակի և կոռուպցիայի առկայության կապակցությամբ, Պետքարտուղարությանը կոչ անելով հատուկ փաստաթղթով ամրագրել իրենց ձգտումը՝ միտված «խղճի բանտարկյալների, այդ թվում՝ Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամադլիի, Լեյլա և Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի և Ինթիգամ Ալիևի ազատ արձակմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG