Մատչելիության հղումներ

Դանֆորդ․ Ռուսաստանն այսօր ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի անվտանգությանը


ԱՄՆ - Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 9-ը հուլիսի, 2015թ․
ԱՄՆ - Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 9-ը հուլիսի, 2015թ․

Սպիտակ տունը, սակայն, հայտարարում է, որ դա սոսկ գեներալի անձնական կարծիքն է:

Ամերիկացի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, ում թեկնածությունը Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Սենատի հաստատմանը, հայտարարել է, որ Ռուսաստանն այսօր ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի անվտանգության համար:

Հինգշաբթի օրը Սենատի զինված ուժերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Դանֆորդը ասել է, որ Ռուսաստանի պահվածքը միջազգային ասպարեզում լուրջ անհանգստություն է առաջացնում:

Բացի այդ, գեներալը հնարավոր է համարում, որ Միացյալ Նահանգները մահաբեր սպառազինություն տրամադրի Ուկրաինային: «Անկեղծ ասած, առանց դրա Ուկրաինան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի ագրեսիային», - ասել է Դանֆորդը:

Ռուսաստանից բացի, ամերիկացի գեներալի կարծիքով, Միացյալ Նահանգների համար վտանգ են ներկայացնում Չինաստանը, Հյուսիսային Կորեան և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը․ Իրանը այս ցուցակում չկա:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը, մինչդեռ, նույն օրը հայտարարել է, որ վերը նշվածը սոսկ Դանֆորդի անձնական կարծիքն է, այլ ոչ թե նախագահի թիմի ամբողջական կարծիքը:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, միաժամանակ, ընդգծել է, թե 2012 թվականից, երբ Օբաման լուրջ չէր համարում նախագահական ընտրություններում իր մրցակից սենատոր Միթ Ռոմնիի այն կարծիքը, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ մեկ աշխարհաքաղաքական հակառակորդն է, շատ բան է փոխվել: Վաշինգտոնին մտահոգում են Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ և ռազմական ակտիվությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ սահմանին:

Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբում Պենտագոնը հրապարակեց Ռազմական ազգային ռազմավարությունը ընթացիկ տարվա համար, որտեղ որպես թիվ մեկ հակառակորդ նշված է «Իսլամական պետություն» խմբավորումը: Նույն այդ զեկույցում նշված են նաև մի քանի պետություններ, որոնք վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների համար՝ Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG