Մատչելիության հղումներ

Փորձագետը ձևական է որակում ՀԷՑ-ին տուգանելու ՀԾԿՀ-ի որոշումը


Փորձագետ Արտակ Մանուկյան, արխիվ

Փորձագետ Արտակ Մանուկյան, արխիվ

Իրականում, ըստ Արտակ Մանուկյանի, ՌԱՕ ԵԷՍ-ի և Հայաստանի կառավարության միջև կա պայմանավորվածություն:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ձևական է համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին (ՀԷՑ) 60 միլիոն դրամով տուգանելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) օրերս կայացրած որոշումը:

Ըստ տնտեսագետի, պատկան մարմինների ու ռուսական ընկերության միջև կապերը չափազանց սերտ են՝ չհամաձայնեցված քայլեր անելու համար:

«Իմ կարծիքով, դա քայլ էր, որպեսզի ՀԾԿՀ-ն որոշակիորեն իր վստահությունը ժողովրդի աչքերում բարձրացնի, այսինքն՝ փորձի ներկայացնել, որ «տեսե՛ք, կամայական չարաշահում կան խտրական մոտեցում սպառողի նկատմամբ մեր կողմից հսկվում է և կարգավորվում է», - ասաց Մանուկյանը:

Սակայն, ըստ փորձագետի, երկու հանգամանք որոշակի հարցերի տեղիք է տալիս:

«Առաջինը՝ երբ պարոն Նազարյանը էդ հանձնաժողովի նիստին բարձրաձայնում էր, ասում էր, որ «պարոն Բիբինին ես մի քանի անգամ զանգել եմ, ասել եմ, բայց, այնուհանդերձ, մինչև վճարը չստացան, իրենք չմիացրեցին», իմ կարծիքով՝ դա դասական դեպք է, երբ մարդը բարձրաձայնում է իր անգործության, անկարողության մասին», - նշեց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ հեռախոսով զանգահարել, ասել, և այլն, և այլն, դա ընկերական բնույթի հարաբերություններ չեն, էդտեղ ֆորմալ հարաբերություններ կան, և կա գրավոր ձևով կարգի հարաբերությունների դաշտ: Եվ ամենակարևորը՝ փաստորեն, իր զանգերը, ըստ էության, էդքան էլ էական նշանակություն չունեցան, այնուհանդերձ, օրենքին հակասող դրույթը կյանքի կոչվեց, և միայն օրենքին հակասող դրույթով, փաստորեն, էդ դեպքում իրականացավ օրենքով ստանձնած պարտավորությունը: Այսինքն՝ էս մասով էլ լրջագույն խնդիրներ կան»:

Բայց ամենակարևորը այն է, որ, տնտեսագետի կարծիքով, իրականում «ՌԱՕ ԵԷՍ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության, էս դեպքում՝ ՀԾԿՀ-ի միջև կա որոշակիորեն պայմանավորվածություն»:

«Նայեք, ՌԱՕ ԵԷՍ-ը սկզբունքորեն այլ պատճառներ է նշում, օրինակ՝ կառավարության վրա է ըստ էության մեղքը բարդում, ՀԾԿՀ-ն, ըստ էության, մեծապես բարդում է վատ մենեջմենթի վրա առաջացած խնդիրը, բայց մի հարցում նրանք երկուսն էլ համակարծիք են՝ 37 միլիարդը, էդ պարտքը», - նշեց Մանուկյանը՝ շեշտելով․ - «Սա արդեն իսկ լուրջ ազդակ է, որ նրանց մեջ կա համաձայնություն, չկա կոնֆրոնտացիա»:

«Օրինակ՝ հասարակ տրամաբանություն․ եթե դու սեփականատեր ես, 37 միլիարդ քեզ կառավարությունը օբյեկտիվորեն վնասել է, դու դրա հետ կհաշվեիր նաև էն պոտենցիալ վարկերը և այլն, և այլն, որոնք դու գնում ես վերցնում ես, հա՞, արտարժութային, և դրանով պայմանավորված վնասները: Բայց նրանք հենց ֆիքսվում են էդ նույն գումարի մեջ: Այսինքն, եթե մենք փորձենք մի քայլ էլ ավել մտածել, էդ 37 միլիարդ դրամը երկու կողմից համաձայնության արդյունք է, ինչը նշանակում է, որ նրանք իրար հետ փոխհամաձայնեցնում են իրենց գործողությունները», - ասաց փորձագետը:

«Եվ էդ 60 միլիոն դրամի տուգանքին, էդքան էլ մեծ բան դրանից, իմ կարծիքով, չի տուժի, սակայն հասարակության աչքում՝ որոշ խավի, ՀԾԿՀ-ն կարող է իբր թե համոզել, որ ինքը էս քայլերով բավականաչափ լրջորեն վերահսկում է շուկան», - ամփոփեց Արտակ Մանուկյանը:

XS
SM
MD
LG