Մատչելիության հղումներ

ԵԽ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման բանաձև ընդունեց


Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում
Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում

Եվրոպական խորհրդարանը այսօր 460 կողմ, 61 դեմ և 55 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բանաձևը շեշտում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական և ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները և քաղաքական նպատակները:

Բանաձևը վկայակոչում է 2015 թվականի մայիսի 22-ին Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա:

Եվրախորհրդարանի բանաձևում նաև ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975 թվականի Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում` ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ-ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարևոր դերակատարություն ունենալ այս առումով:

«Հայկական կողմը մշտապես շեշտել է Եվրոպական հարևանության անվտանգությանը վերաբերող դրույթներում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման կարևորությունը: Եվրոպական խորհրդարանն այս բանաձևով որդեգրել է հավասարակշռված մոտեցում հակամարտությունների կարգավորման հարցում և մասնավորապես քվեարկությամբ մերժել է բանաձևի վերջնական տեքստում ներառել նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված Կիրիլովի զեկույցի վրա նախագծում կատարված հղումը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG