Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրությամբ ԱԺ նախագահն ու վարչապետը անընդմեջ կկարողանան ընտրվել 2-ից ավելի անգամ


Օրերս Վիեննայից վերադարձել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները։ Նրանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել են նոր Սահմանադրության այն գլուխները, որոնք վերաբերում են Կառավարությանը, Ազգային ժողովին, նախագահին, դատական մարմիններին ու օմբուդսմենին: Այս մասին հայտնում է հանձնաժողովի անդամ, պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

«Եվ իրենք չունեն որևէ ո՛չ մանդատ, ո՛չ ցանկություն՝ պարտադրելու որևէ կառավարման մոդել կամ ձև: Նրանք ընդամենն ասում են՝ ցանկացած կառավարման ձևը որոշելը տվյալ երկրի խնդիրն է, ընդամենը այդ պայմաններում պետք է ապահովվեն այն չափանիշների առկայությունը, որոնք գործում են ժողովրդավարական երկրներում», - ասաց Ղազինյանը:

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հիմնական խորհուրդները սկզբունքային հարցերի վերաբերյալ չէին։ Հայաստանյան մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած տարբերակում, նշեց Ղազինյանը, շատ էին ընթացակարգային կարգավորումները, Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն էլ խորհուրդ են տվել նման կարգավորումները տեղափոխել օրենքներ։

Օրինակ, ընտրություններին վերաբերող հիմնական կարգավորումները կլինեն Ընտրական օրենսգրքում, Սահմանադրությունում միայն կամրագրվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը։ Փոխարենը, Ընտրական օրենսգիրքն ու մյուս մայր օրենքները նոր կարգավիճակ կստանան։

«Մենք ունենալու ենք օրգանական օրենքներ: Խոսքը այն օրենքների մասին է, որոնք պետք է կարգավորեն տվյալ դաշտի կարևորագույն հարաբերությունները և իրենց կարգավիճակով լինեն ավելի բարձր, քան սովորական օրենքները», - ընդգծեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը:

Եթե գործող Սահմանադրությամբ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահ, ապա նորում երկրի առաջին դեմքերի՝ ԱԺ նախագահի և վարչապետի համար նման սահմանափակում չի լինի։ Փոփոխությունների ընդունման պարագայում այժմ արդեն 2-րդ ժամկետով ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ: Ղազինյանի խոսքով, այս հարցի վերաբերյալ օրենսդրական որևէ սահմանափակում չի էլ կարող լինել:

«Չի կարող լինել, եթե քաղաքական ուժին տալիս են․․․Որովհետև մարդու չեն ընտրում, ուժին են վստահում, այդ ուժը եթե շահեց, ուրեմն իր ղեկավարը կարող է լինել Ազգային ժողովի նախագահ կամ վարչապետ: Ուժին մի վստահեք, հասարակություն, եթե ունեք խնդիրներ նրա հետ նախորդ կառավարման շրջանում», - ընդգծեց Գագիկ Ղազինյանը:

Որոշ ընդդիմադիրներ, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը պնդում են, թե սահմանադրական փոփոխությունները անցկացվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանը դեռ անցյալ տարի կարծիք էր հայտնել, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին։ Նա հստակեցրել էր՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում չի պատրաստվում վարչապետ դառնալ։

Մասնագիտական շրջանակներում նույնպես մտավախություններ կան։ Ըստ «Ապելլա ինստիտուտի» հրապարակած հետազոտության, Հայաստանի առաջատար փորձագետներին մտահոգում է դոմինանտ կուսակցության կողմից իշխանության նկատմամբ մենաշնորհը այն պարագայում, երբ դեռևս կայացած չէ կուսակցական համակարգը։

Գագիկ Ղազինյանն ասում է՝ այդ մտահոգությունը ինքն էլ ունի․ - «Չունենք այն կուսակցությունները կամ քաղաքական ուժերը իրենց գաղափարախոսություններով, որոնք ձևավորեն այն քաղաքական դաշտը, որով կարելի է գնալ․․․ Վերջիվերջո, պառլամենտականը ենթադրում է քաղաքական ուժերի գաղափարախոսությունների պայքար: Ուղղակի դրա համար արդյո՞ք պետք է նախօրոք քաղաքական դաշտը ձևավորել մեր ասած չափանիշներով, հետո նոր անցնել այս մոդելին, թե՞ միգուցե անցնենք, այդ ընթացքում ձևավորվեն: Այսինքն, պահանջարկը ծնում է առաջարկ»:

Փոփոխված Սահմանադրության առաջին տարբերակը հավանաբար կհրապարակվի հուլիսի վերջին, իսկ Վենետիկի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի հոկտեմբերին։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG