Մատչելիության հղումներ

Եզդի Ամարյանները պահանջում են բացառել ազգային խտրականությունը


Եզդի Ամարյանները պահանջում են բացառել ազգային խտրականությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Ազգությամբ եզդի Ամարյաններն այսօր կառավարության շենքի դիմաց ազգային խտրականությունը բացառելու և օրենքի առաջ հավասարության կոչեր հնչեցրին։

Ասում են՝ դատական ակտերի հարկադիր կատարողներն անցած տարի ձմեռնամուտին եկել՝ բռնի ուժով վտարել են Երևանի ծայրամասում գտնվող իրենց 27 տարվա բնակատեղիից ու դեռ մի բան էլ բողոքել, թե ընտանիքի կրտսեր որդին՝ Յուրա Ամարյանն իրենց քաշքշել է, հայհոյել, աղյուսներ նետել ու վնասվածքներ պատճառել։ Աղբահանության բանվոր 27-ամյա Յուրայի մայրը՝ Նազիկ Ամարյանը, ականատես է եղել միջադեպին։ «3 անգամ զենք ա հանել, 3 հոգով հարձակվել են իմ տղու վրա», - ասում է Նազիկ Ամարյանը:

Սպիտակի երկրաշարժին տունը կորցրած Ամարյանները 27 տարի առաջ ապաստանել են Երևանի ծայրամասում գտնվող անբնակ ու վթարային շենքերից մեկում, որտեղ նրանց անհատույց սենյակներ են հատկացվել։

Աղբահանություն իրականացնող ընկերությունում չնչին աշխատավարձով օրվա հաց վաստակող ընտանիքին բավարարել է անգամ նվազագույն կենցաղային պայմաններ չունեցող տարածքը։ Սակայն շենքի նոր սեփականատերը անցած տարեվերջին դիմել է ԴԱՀԿ՝ նրանց վտարելու պահանջով։

«Իբր պալատներ էին, վթարային շենք, կռիսանոց, բոմժանոց ... մի հատ էլ ծեծելով դուրս են հանում դե թող գան ապրեն, թող տեր կանգնեն», - շարունակում է Նազիկը։

Ամարյանները պնդում են, թե հարկադիր կատարողներն իրենց վտարելիս ծեծել ու վնասվածքներ են հասցրել։ Այդ մասին դատաբժշկի եզրակացություն կա, սակայն նրանց ստացած վնասվածքները չեն համարվել անգամ թեթև ծանրության, ինչի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել հարկադիր կատարողների նկատմամբ։ Մինչդեռ դատաբժիշկը նշել է, թե վտարվող Յուրա Ամարյանը միջին ծանրության վնասվածք է հասցրել հարկադիր կատարողներից մեկին՝ Կարեն Միլիտոնյանին։ Ըստ քրեական գործի, մեղադրյալ Յուրա Ամարյանի նետած աղյուսներից են առաջացել նաև նրա մոր՝ Նազիկ Ամարյանի սալջարդերը։ «Ասում ես քո եզդու լավը։ Բա տղեն չպաշտպանի՞ իրա մորը»:

Յուրա Ամարյանին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։ Նրան մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Գործն արդեն հասել է դատարան։ Վաղը տեղի կունենա հերթական նիստը։ Դատարանը Յուրային հանրային պաշտպան է տրամադրել։ Պաշտպանը միայն հորդորում է խոստովանել մեղքը, ասում է մեղադրյալը։ «Ասում ա, խոստովանի, որ 5 տարի տան, մեղմ լինի պատիժը»։

Ամարյաններն իրավապահ համակարգից նեղսրտած՝ այսօր նամակ հանձնեցին վարչապետին։ Նույն բովանդակությամբ նամակներ արդեն մարդու իրավունքների պաշտպանին ու գլխավոր դատախազին են գրել։ Պատասխան դեռ չեն ստացել։ «Իմ տղեն որպես եզդի մեջք չունի», - պնդում է կինը:

Դեպքից գրեթե մեկ տարի անց էլ նրանց նախկին բնակատեղին լքված ու անբնակ է: Դռները կապարակնքված են, իսկ Ամարյաններն ստիպված բնակարան են վարձակալել։ Ծանր հանցանքի մեջ մեղադրվող երիտասարդի մայրը հուսահատ է, բայց ասում է՝ կպայքարեն մինչև վերջ՝ արդարության հասնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG