Մատչելիության հղումներ

Մոսկվան «ուշադիր հետևում է», թե ինչ է կատարվում Հայաստանում․ Մեդվեդև


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան «ուշադիր հետևում է» Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտիկ պետություն և մեզ համար, իհարկե, միևնույնը չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամ երկրում», - ասել է Մեդվեդևը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման հայտարարություն Մեդվեդևը արել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո:

Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել այսօր։

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետները բարձր են գնահատել հայ - ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Վարչապետները քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարևոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության զարգացումը:

Աբրահամյանը և Մեդվեդևը քննարկել են նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ - ռուսական հարաբերություններին և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերն ու ծրագրերը:

Վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ - ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG