Մատչելիության հղումներ

4 երեխաների մոր միակ եկամուտը ամսական 45 հազար դրամ նպաստն է


Անահիտ Գաբրիելյանը 4 երեխաների հետ ապրում է տնակում: Նաև՝ առնետների, որոնց դեմ կռիվ է տալիս, որ չվնասեն փոքրիկներին:

«Վախենում ենք գիշերները քնելուց կծեն: 3-4 հատ կան», - պատմեց կինը:

Ծայրահեղ աղքատության հասած այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը պետության տված նպաստն է․ - «45 հազար դրամ է: Ոչ մի բան չեմ կարա անեմ դրանով, կոմունալները չեմ կարողանում մուծել: Խանութից հաց եմ գնում, գրել եմ տալիս, որ մինչև հաջորդ նպաստը ստանամ, տամ: Այսօրվա դրությամբ խանութին 60 հազար դրամ պարտք եմ: Փող կարողանում ենք աշխատել մենակ կարտոշկա հավաքելու ժամանակ: Միս չենք օգտագործում»:

Հսկիչը տնակի լույսը կարող է անջատել ամեն պահի, այդ պատճառով Անահիտը երեխաներին հացից կտրելով՝ պիտի վճարի նախորդ ամսվա վարձը․ - «Էս ամիս 8 հազար 600 դրամ էր, չեմ կարողացել տալ: Որ էդ էլեկտրիկն էլ չի կարողանում իմ տեղը մուծի, անջատում է»:

Կինն ասում է, թե իր համար չափազանց դժվար է տեսնել, թե ինչ պայմաններում են մեծանում երեխաները: Նրանց ապագայի համար է մտահոգվում:

Հարցին, թե ի՞նչ կասեր Սերժ Սարգսյանին, եթե հանդիպեր, պատասխանում է․ - «Որ թանկացում չեղնի գոնե, ուզում եմ, որ լավ ապրեն երեխեքս, բայց հեռանկար չեմ տեսնում»:

Անահիտի տնակում պաշտոնյաները տեղ ունեն, հրավիրում է, չնայած գիտի՝ չեն գա, որ անգամ չտեսնեն այդ պայմանները:

«Օր է եղել, ես սոված եմ եղել, երեխեքիս եմ կերակրել, ցուրտ է եղել, երեխեքս աչքիս դեմը մրսել են, փայտ չի եղել, որ վառեմ, երեխեքը տաքանան»

Գաբրիելյանների ընտանիքը չունի անօթևանի կարգավիճակ, այսինքն՝ նույնիսկ բնակարանի հերթում չեն ու իրենք էլ չգիտեն՝ երբ տնակը կդառնա տուն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG