Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցարարները մարդաշատ հրապարակի դեպքում «թեժ երեկո» են խոստանում


Դավիթ Սանասարյան, 9-ը հուլիսի, 2015թ.

Դավիթ Սանասարյան, 9-ը հուլիսի, 2015թ.

Այսօր մեկնարկելիք հանրահավաքից ժամեր առաջ, Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները մարտավարության փակագծերն ամբողջությամբ չեն բացում։

Ազատության հրապարակում այսօր մեկնարկելիք հանրահավաքից ժամեր առաջ, Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները մարտավարության փակագծերն ամբողջությամբ չեն բացում, բայց վստահեցնում են՝ մարդաշատ հրապարակի դեպքում երեկոն թեժ է լինելու։

«Որևիցե բռնության չենք գնալու, որովհետև դա չի բերելու մեր հաջորդական հաղթական քայլերին, դա բերելու է լուրջ պրոբլեմների։ Եթե անգամ բռնություն եղավ ոստիկանների կողմից, մենք լինելու ենք սթափ, բայց ոչ Վովա Գասպարյանի ասածի համաձայն, մենք սթափ ուղեղով ենք լինելու, դա նշանակում է, որ նաև պետք է ճեղքենք ոստիկանական պատը՝ առանց բռնությունների, ճնշման արդյուքնում», - ասաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։

Բոլոր քայլերն ու գործողությունները, ըստ Սանասարյանի, որոշվելու են ընդհանուր քվեարկությամբ։ «Ոչ մի բան չի բացառվում, ու պարտադիր չէ, որ միայն Բաղրամյան փողոցը փակել, պարտադիր չէ փողոց փակել, ընթացքում մենք մեր ասելիքը կասենք։ Կան տարբերակներ, բայց այդ մասին կասենք հանրահավաքի ժամանակ։ Կարևորը, որ լինի այնպիսի զանգված, որը որ պատրաստ է նաև գործողությունների», - ասաց ցույցերը համակարգող խմբի անդամը։

Հանրահավաքի մասին քաղաքապետարանին իրազեկում չեն ներկայացրել, սակայն Ոստիկանությունն այս հարցում առայժմ առարկություն չի հայտնել։ Սանասարյանի խոսքով, փոխարենը՝ իրավապահները ճնշում են գործադրում հավաքի մասնակիցների նկատմամբ։

«Ոստիկանները զանգում են ստեղ գտնվողներին, ծնողների ներկայությամբ հետ են կաչում, հրավիրում են տուն։ Կամ տարածքի օպերլիազորն է հրավիրում. ինչ-որ մեկի հետ խնդիր է եղել տարիներ առաջ թարմացնում են այդ գործը, ուզում են այդ մարդկանց ճնշել», - ասաց Սանասարյանը։

Երկու օր առաջ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներն այսօր դադարեցրել են իրենց ակցիան, Սանասարյանի պնդմամբ, կրկին ոստիկանության ճնշման պատճառով։

Հարցին, թե ինքը ե՞րբ կդադարեցնի հացադուլը, Սանասարյանը չհստակեցրեց. - «Պարոն Օսիպյանն է մոտեցել ոստիկանների հետ, զուտ հորդորել է, որ հացադուլը դադարացնեմ ու շարունակեմ պայքարը, բայց շնորհակալություն եմ հայտնել ոչ միայն պարոն Օսիպյանին, այլ բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր եկել են։ Զուտ մարդկայնորեն, բայց ասել եմ, որ սա իմ անձնական որոշումն է եղել, և անձնական որոշում պետք է կայացնեմ»։

Պահանջները քաղաքական են, բայց հարթակը կուսակցականացված չի լինելու, վստհահեցնում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը համակարգող խմբի անդամը։

XS
SM
MD
LG