Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները հիշեցնում են, որ հաշված օրերից լրանում է վարչապետի խոստացած ժամկետը


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ համոզվելու, որ ամիսներ շարունակ կուտակված աշխատավարձի պարտքը վճարվելու է մինչև հուլիսի 15-ը։

«Նաիրիտ» գործարանի՝ նախկինում մի քանի անգամ խաբված աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ համոզվելու, որ ամիսներ շարունակ կուտակված աշխատավարձի պարտքը, վարչապետի խոստման համաձայն, վճարվելու է մինչև հուլիսի 15-ը։

Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ ինքը անձամբ հանդիպել է նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով հավաստիացրել է, որ խոստումն ուժի մեջ է․ - «Ներկայացրել եմ, որ մարդկանց մոտ անհանգստություն կա, վախ կա սրտներում, էդ վախն էլ հենց էնպես չի, տարիների ընթացքում շատ են խաբել։ Նախարարը ևս մեկ անգամ հավաստել ա, որ անհանգստանալու պատճառ չկա»։

Հավաքվածներից շատերը կասկածներ ունեն, ասում են՝ կարճ ժամանակ է մնացել, սակայն գումար չի փոխանցվել։ Աշխատավարձի պարտքը միլիարդավոր դրամների է հասնում:

Ցույցերը համակարգող խմբի անդամ Սամվել Հովհաննիսյանը պնդում էր, որ անհրաժեշտ է նորից հանդիպել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ․ - «15 միլիոն դոլարը միանշանակ փակո՞ւմ ա էդ պարտքը։ Մեզ պետք ա, որ ամբողջ պարտքը փակվի»։

«Ընդամենը հաշված օրեր ա մնացել, Աստված տա՝ կատարվի, ու եթե կատարվեց, երևի ժողովրդի մեջ գաղափարական փոփոխություն կլինի, որ էս երկրում ամեն ինչ անհույս չի: Ու ժողովուրդը պիտի հավատա, որ համառ լինելու, հետևողական լինելու, պահանջատեր լինելու արդյունքում էս երկրում հնարավոր ա հասնել նպատակի, հնարավոր ա հասնել հաղթանակի։ Թե՛ մեր օրինակով, թե՛ հոսանքի թանկացման օրինակով, սրա մեջ իրոք դրական բան կա», - հավելեց ցուցարարներից մեկը։

Նախարարի հետ հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ ցուցարարները հեռացան՝ որոշելով սպասել նշանակված վերջնաժամկետին։

Նաիրիտցիները ծրագրում են առաջիկայում ցույցեր կազմակերպել նաև 2010 թվականից տեխնիկական պարապուրդի մատնված գործարանը աշխատեցնելու պահանջով:

XS
SM
MD
LG