Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն «սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալ» է համարում Շանթ Հարությունյանին


Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, թե բազմիցս նամակներ է հղեկ ԱԱԾ ղեկավարությանը, հայտնել, որ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ուզում է սպանել իրեն, բայց դիմումներին ընթացք տալու փոխարեն ԱԱԾ-ն իրեն հոգեկան հավասարակշռությունից ու սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալ է համարում։

«Իրենք չեն պատասխանել ինձ, չեն եկել լսել: Կարող է` ես ճիշտ եմ ասում, սուտ եմ ասում, որից հետո նոր իրենք ինձ պատասխանեն, որից հետո եթե ես շարունակեմ` նոր իրենք ինձ ասեն սուտ մատնություն ես անում, կամ գիժ ես», - ասաց Հարությունյանը:

Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը մեզ հետ զրույցում կրկին պնդեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ու նրա տեղակալ Արզուման Հարությունյանը Ադրբեջանի գործակալներ են և հենց այս տեղեկությանը տիրապետելու համար իրեն մի օր կսպանեն։

«Այսինքն, իմ ինքնապաշտպանության մեթոդը այն է` եթե ես ունեմ ինֆորմացիա, ավելի լավ է շուտ հայտնեմ, որ ինձ սպանելու խնդիրը օրակարգից դուրս գա», - հավելեց նա:

Շանթ Հարությունյանն այսօր էլ շարունակում է ԱԱԾ-ից պահանջել լսել իր մտահոգությունները, քննություն անցկացնել։ Ասում է, թե գիտակցում է, որ կարող է մեղադրվել սուտ մատնության մեջ. - «Լինի որևէ քաղաքական գործիչ կամ շարքային քաղաքացի, սուտ մատնությամբ, եթե իրեն մեղադրեն, ինքը հեչ էլ չի դառնա քաղաքական գործիչ. Խուլիգանը կմնա խուլիգան, շարքային քաղաքացին` շարքային քաղաքացի, գիժը` գիժ: Այսինքն, արդեն իսկ իր պատասխանը շատ անլուրջ է, անհեթեթ է»:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն այսօր տարածած հաղորդագրությամբ «անհեթեթ ու կանխատեսելի» է որակել Շանթ Հարությունյանի հայտարարությունները, թե ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ու նրա տեղակալ Արզուման Հարությունյանը սպառնալիքներ են ներկայացնում իր կյանքի համար: ԱԱԾ տնօրենը վստահեցրել էր, թե Շանթի յուրաքանչյուր բողոքից հետո ստուգումներ են անցկացվում, սակայն նրա պնդումները հաստատող փաստեր չեն հայտնաբերվել և դժգոհել էր, թե Շանթ Հարությունյանն իր մեղադրանքների վերաբերյալ հրաժարվել է տեղեկություններ տալ իրավապահներին: «Սա էլ է սուտ», - ասում է Շանթը, - «Նման ստուգումներ չեն իրականացվել»։

ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությունում Շանթ Հարությունյանին բնորոշում է որպես «հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալ», իսկ նրա խոսքերը որակում՝ «զրպարտանքներ»: Շանթի փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասում է, թե ուժային այս կառույցը նման որակումներ տալու իրավունք չունի, այլ պարտավոր է ստուգել մտագոհությունները։

«Հենց քրեական գործի հարուցման օրվանից էլ, կամ դրանից մի քանի օր հետո, քննչական մարմինը որոշում կայացրեց նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Ի վերջո նրանք կատարեցին փորձաքննությունը և ստացվեց եզրակացություն առ այն, որ Շանթ Հարությունյանը չունի հոգեկան խնդիրներ և գտնվում է մեղսունակ վիճակում: Սակայն մենք այսօրվա պատասխանից էլ տեսնում ենք, որ նույն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը փորձ է անում նորից ստվեր գցել, իբրև թե Շանթ Հարությունյանը ունի խնդիրներ և նրա խոսքերը կարծես թե զառանցանքներ են», - ասաց փաստաբանը:

«Շանթ Հարությունյանը գնալով կորցնում է ինքնատիրապետումը և որպես պաշտպանվելու միջոց ընտրել է բարձրաստիճան սպաներին վիրավորելու ու իր հետ առճակատման սադրելու մարտավարությունը», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Գորիկ Հակոբյանն ավելի վաղ «Արմենպրեսին» տված հարցազրույցում Շանթ Հարությունյանին մեղադրել էր Ազգային անվտանգության ծառայությունը վարկաբեկելու մեջ։

«Ազգային գաղափարներով հանդես եկող անձնավորությունը պատրաստ է իր քաղաքական իմիջի համար խաղարկել սեփական երկրի հեղինակությունը», - ասել էր Հակոբյանն ու շարունակել․ - «Ո՞վ է բանտարկյալը, որ նրա գոյությունը վտանգ է ներկայացնում ԱԱԾ-ի համար, իսկ Արզուման Հարությունյանն էլ սպառնում է կազմակերպել նրա ոչնչացման օպերացիան»։

Գորիկ Հակոբյանը եզրակացրել էր՝ տպավորություն է ստեղծվում, թե Շանթ Հարությունյանը տառապում է հետապնդման մոլուցքով։

Շանթ Հարությունյանը համոզված է՝ ԱԱԾ-ն իրեն դատի տալու քաջություն չի ունենա։ - «Նրանք չունեն այնքան քաջություն, որ իմ նկատմամբ հարուցեն մեղադրանք, քանի որ դատարանում նրանց դավաճան լինելը կհանրայնացվի: Եթե նրանք չվախենային բացահայտվելուց, վաղուց էին ինձ այդ հոդվածով դատել», - ասում է Շանթը։

ԱԱԾ-ն, փաստորեն, որևէ մեկի չի պատրաստվում դատի տալ՝ հաղորդագրությունում ասվում է․ - «Իրեն դատի տալու կոչը՝ ոչ այլ ինչ է, քան խուլիգանության համար դատապարտվածի՝ քաղաքական հալածյալի և «այլախոհի» իմիջ ձեռք բերելու բաղձանք»: «Հետևաբար և շարունակել անդրադառնալ նրա զառանցանքներին և ցնդաբանություններին կնշանակի բանավեճի մեջ մտնել նրա հետ, ասել է թե՝ լրջորեն ընդունել և տուրք տալ նրա սադրանքներին», - ամփոփում են Ազգային անվտանգության ծառայությունում:

XS
SM
MD
LG