Մատչելիության հղումներ

Քաղաքաշինության նախարարը հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած քաղաքացիների հետ


Կառավարության դիմաց անցկացրած բողոքի ակցիայից հետո «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունից տուժած 33-րդ թաղամասի բնակիչների հետ այսօր երեկոյան հանդիպել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ընկերության ներկայացուցիչները, ովքեր հավաստիացրել են, որ օգոստոսի 1-ից կսկսեն ավելի քան 150 ընտանիքների նկատմամբ իրենց պարտավորությունների կատարումը։

Դեռ ութ տարի առաջ թաղամասը կառավարության որոշմամբ գերակա շահ էր ճանաչվել ու «Գլենդեյլ Հիլզին» շինարարության թույլտվություն էր տրվել։ Ընկերությունը բնակիչների հետ պայմանագրեր էր կնքել երեք տարվա ընթացքում բնակարաններով ապահովելու մասին, սակայն մինչ օրս պարտավորությունը չի կատարել։

Այսօր բնակիչներին խոստացել են մինչև տարեվերջ բոլոր ընտանիքներին կա՛մ դրամական փոխհատուցում տալ, կա՛մ էլ բնակարաններով ապահովել։ Մինչդեռ անտուն մնացած բնակիչները մտավախություն ունեն, թե այս անգամ էլ ընկերությունը չի կատարի իր խոստումը։

«Անցած ութ տարիներին բազմաթիվ այսպիսի խոստումներ ենք լսել, սակայն մեր խնդիրը չի լուծվել», - ասում է բնակիչներից մեկը՝ Կարինե Աղաբալյանը, ով արդեն ութ տարի բնակվում է վարձակալած բնակարանում։

Առաջիկա երկուշաբթի էլ բնակիչները հանդիպման պայմանավորվածություն ունեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG