Մատչելիության հղումներ

Կառավարությունն այս տարի կանխատեսում է ընդամենը 1 տոկոս տնտեսական աճ


Կառավարությունն այսօր ընդունեց 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որում անդրադարձ կա նաև 2015-ի ցուցանիշներին․ իշխանություններն առաջին անգամ պետական փաստաթղթում ամրագրեցին՝ այս տարի կունենանք ընդամենը 1 տոկոս տնտեսական աճ՝ բյուջեով նախատեսված 4.1-ի փոխարեն:

Ըստ տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի՝ Հայաստանի նման երկրում 1 տոկոս աճը նույնն է, ինչ լճացումը: «Այսինքն՝ զարգացում չկա», - ասում է նա:

Կառավարության ներկայացրած 600-էջանոց փաստաթղթում տնտեսագետները չեն հանդիպել բացատրության, թե ինչո՞ւ է այս տարի աճը լինելու կանխատեսվածից 4 անգամ պակաս։

«Սա ինչ-որ զարմանալի բան է, որովհետև գոնե մի ինչ-որ բացատրություն պետք է լիներ», - ասում է տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը։

Այնուամենայնիվ, մասնագետներին այս փաստաթղթում ներկայացված կանխատեսումները իրականությանն ավելի մոտ են թվում։ Ամրագրված է՝ առաջիկա երեք տարիների ընթացքում կկրճատվեն ներդրումներն ու սպառման մակարդակը։ Հիմնավորում էլ կա. պատճառը Ռուսաստանից դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների կրճատումն է։

«Ներդրումների մակարդակն են կանխատեսել, որ անկում կունենա, այսինքն՝ ներդրումներ - ՀՆԱ հարաբերակցությունը: Կանխատեսել են նաև, որ բանկային համակարգի ներգրավվածությունը կթուլանա», - ասում է Թունյանը:

Օրինակ, եթե անցյալ տարի 2016 թվականի համար իշխանությունները կանխատեսում էին ունենալ 1 տրիլիոն 434 միլիարդ դրամի եկամուտ, ապա այժմ ասում են՝ 2016-ին կունենանք 223 միլիարդ դրամով պակաս մուտքեր։ Կկրճատվեն եկամուտները, կկրճատվեն նաև բյուջեի ծախսերը՝ հիմնականում կրթության, գիտության, սոցիալական ապահովության, բնապահպանության ոլորտների հաշվին։

«Այդտեղ խոսք չկա, որ այդ կրճատումների համար պետք է նախ ուռճացված պետական ապարատը կրճատել, այդքան չինովնիկներ Հայաստանին պետք են, թե ոչ, այդքան ոստիկաններ Հայաստանին պետք են, թե ոչ», - մեկնաբանում է Հայկ Գևորգյանը:

Ըստ նոր փաստաթղթի, կառավարությունը նաև ավելացնելու է պետական պարտքի սպասարկման՝ տոկոսավճարների համար հատկացումները. 2016-ին պետությունը նախատեսում է ծախսել 92, 2017-ին՝ 99, իսկ 2018-ին 103 միլիարդ դրամ՝ պարտքերի տոկոսագումարները վճարելու համար։

«Կարելի է համոզված պնդել, որ մենք արտաքին պարտքերը մարելու ենք նոր պարտքեր ներգրավելու միջոցով․ 1 տոկոս տնտեսական աճի դեպքում հնարավոր չէ այնպես անել, որ տնտեսությունը կարողանա փակել արտաքին պարտքը», - ասում է Հայկ Գևորգյանը:

Այնուամենայնիվ, առաջիկա երեք տարիների տնտեսական աճի կանխատեսումները կրկին լավատեսական են։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում 2016-2018 թվականների համար կանխատեսում են 3.2 տոկոս միջին տնտեսական աճ։ Բաբկեն Թունյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ եթե անգամ կառավարությունը կարողանա ապահովել կանխատեսած աճը, Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշներով արդեն հետ կընկնի աշխարհի զարգացող երկրների խմբից։

«Այսինքն, մեր աճի տեմպը զիջում է թե՛ զարգացող երկրների աճի տեմպին, թե՛ զարգացած երկրների աճի տեմպին, մինչդեռ մենք մինչև հասնենք այդ երկրների մակարդակին, մեր տեմպը պետք է առնվազն կրկնակի արագ լիներ», - ասում է նա:

XS
SM
MD
LG