Մատչելիության հղումներ

ՌԴ սենատորներն առաջարկում են կասեցնել 12 միջազգային կազմակերպության գործունեությունը


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստը, 8-ը հուլիսի, 2015թ.

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստը, 8-ը հուլիսի, 2015թ.

Դիմելով դատախազությանը՝ Դաշնության խորհուրդը պնդում է, թե այդ կազմակերպություններն ապակայունացնում են Ռուսաստանի ներքաղաքական կյանքը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, հիմք ընդունելով արտաքին հարաբերությունների, պաշտպանության և սահմանադրական օրենսդրութան հարցերով հանձնաժողովների եզրակացությունները, երեկ պաշտոնապես դիմել է Գլխավոր դատախազությանը, արտաքին գործերի և արդարադատության նախարարություններին՝ օտարերկրյա 12 կազմակերպությունների գործունեությունն արգելելու առաջարկով:

Ռուսաստանցի պաշտոնյաների խոշորացույցի տակ են հայտնվել, մասնավորապես, Freedom House-ը, Բաց հասարակության ինստիտուտը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամը, Միջազգային հարցերով ազգային ժողովրդավարական ինստիտուտը և այլ կազմակերպություններ, որոնք ներկայացուցչություններ ունեն նաև մի շարք այլ երկրներում:

Ռուսաստանցի սենատորները երկրի շահերին հակասող գործունեություն ծավավելու պատճառաբանությամբ «օտարերկրյա գործակալների սև ցուցակում» են ներառել նաև Արևելյան Եվրոպայի ժողովրդավարական կենտրոնը, Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսը, Ուկրաինական համաշխարհային համակարգող խորհուրդը: Այս կազմակերպությունները ավելի վաղ հայտարարել էին, որ ռուսական բանակն ապահովում է ներկայություն Արևելյան Ուկրաինայում:

Դաշնային խորհրդի ներկայացուցիչները, դիմելով դատախազությանը, պնդում են, թե կազմակերպություններն ապակայունացնում են Ռուսաստանի ներքաղաքական կյանքը:

Դաշնային խորհուրդն առաջին անգամ է փակ գաղտնի քվեարկության արդյունքներով դիմում դատախազություն՝ ներկայացնելով, ըստ պատգամավորների, հայրենական շահերը վնասողների ցանկը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին էր ստորագրել օրենքը, որը հնարավորություն է ընձեռում արգելել «անցանկալի կազմակերպությունների» գործունեությունը: Օրենքն ուժի մեջ է մտել հունիսի 3-ից: Դրանից հետո արդարադատության նախարարությունը դիմում էր դատարաններ՝ պահանջելով կասեցնել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք արտերկրյա ֆինանսավորում ստանալու մասին տվյալներ չեն ներկայացրել համապատասխան ռեեստրին:

Իրավապաշտպանների քննադատությանն արժանացած օրենքի ընդունումից հետո Human Rights Watch կազմակերպության Ռուսաստանի հարցերով ծրագրերի տնօրեն Տատյանա Լոկշինան, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով կազմակերպությունը փակելու պաշտոնական բացատրություններին, դրանք որակել էր որպես անեկդոտ:

«Գիտեք, անեկդոտ է, թե ինչի մեջ է մեզ, մեր կազմակերպությանը՝ Human Rights Watch-ին, մեղադրում պարոն պատգամավորը, ավելորդ անգամ անունը չեմ տա։ Ինչո՞ւ է նա ուզում, որ փակվի Human Rights Watch-ը՝ որովհետև, նրա կարծիքով, հանցագործություն է կատարել, մասնավորապես՝ չի քննադատել Ուկրաինային՝ կապված Դոնբասում ռազմական կոնֆլիկտի հետ», - ասել էր Լոկշինան:

Նա, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ասել էր, թե Human Rights Watch-ը լուրջ կազմակերպություն է․ Լավրովն այդ արտահայտությունն արել էր, երբ կազմակերպությունը քննադատել էր ուկրաինական կողմին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը պատգամավորներին կոչ էր արել կոնկրետ քայլերի դիմելուց առաջ մտածել պաշտոնական հայտարարությունների հակասությունների մասին:

XS
SM
MD
LG