Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողները Վազիանիում հետևում են ՆԱՏՕ-ի զորավարժությանը


Վրաստան - Ամերիկացի զինծառայողները Վազիանիում ՆԱՏՕ-ի զորավարժությունների բացման արարողության ժամանակ, 8-ը հուլիսի, 2015թ․

Վրաստան - Ամերիկացի զինծառայողները Վազիանիում ՆԱՏՕ-ի զորավարժությունների բացման արարողության ժամանակ, 8-ը հուլիսի, 2015թ․

Զորավարժությունների մասնակիցների հիմնական մասը ներկայացնում են Վրաստանը և Միացյալ Նահանգները:

Երեկ վրացական Վազիանի ռազմակայանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում են նաև հայ զինծառայողները, ճիշտ է՝ միայն դիտորդի կարգավիճակով: Այս մասին երեկ Վազիանիում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վախթանգ Կապանաձեն:

«ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող այս զորավարժություններին նախևառաջ մասնակցում են Վրաստանի և Միացյալ Նահանգների զինծառայողները: Բացի այդ, նրանց են միացել Ռումինիայի, Բուլղարիայի, Լատվիայի և Լիտվայի զինված ուժերի ներկայացուցիչները: Զորավարժությունների ընթացքում դիտորդի կարգավիճակ են ստացել Մոլդովան և Հայաստանը», - հայտարարում էր Կապանաձեն:

Նշենք, սակայն, որ զորավարժությունների մասնակիցների հիմնական մասը երկու պետություն են ներկայացնում՝ Վրաստանը և Միացյալ Նահանգները: Վրացական կողմը զորավարժություններում ներկայացված է մեկ մոտոհրաձգային գումարտակով, իսկ ամերիկացիները` 220 ծովային հետևակայիններով:

Վախթանգ Կապանաձեն հիշեցնում է, որ վրաց - ամերիկյան համատեղ զորավարժությունները կազմակերպվում են ամեն տարի` 2011 թվականից ի վեր:

«Վրաց զինծառայողները բազմաթիվ միջազգային գործողությունների են մասնակցել, և մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ միասին նպաստել գլոբալ խաղաղության հաստատմանը: Սա պարզապես գործընկերություն չէ` սա արդեն զինակցություն է», - հայտարարում էր Կապանաձեն:

Ի դեպ, Վազիանիի ռազմակայանը որպես զորավարժությունների անցկացման վայր պատահական չէ ընտրված: Հենց այստեղ է Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել տեղակայել մարզումների և համատեղ զորավարժությունների համար նախատեսված Վրաստան-ՆԱՏՕ կենտրոնը:

XS
SM
MD
LG