Մատչելիության հղումներ

Վանաձորում հոսանքի թանկացման դեմ պայքարը չի մարել․ ակտիվիստ


Թեև Վանաձորում հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը մարեցին, երբ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները Երևանի Բաղրամյան պողոտայից տեղափոխվեցին Ազատության հրապարակ, սակայն ակտիվիստ Արտաշես Սերգոյանն ասում է՝ Վանաձորում պայքարը չի մարել:

«Էսօր մենք չենք տեսնում հրապարակում այդ 600 կամ 400 մարդը, բայց ամեն առավոտ կարող է արթնանանք ու տեսնենք Վանաձորի կենտրոնական փողոցներում՝ գիշերը, հավանաբար, մարդիկ ինչ-որ գրառումներ են արել, իրենց պայքարի ձայնն են բարձրացրել», - ասաց Սերգոյանը:

Թեև Վանաձորի հրապարակում այլևս չեն հավաքվում, Արտաշեսը նշում է, որ իր ակնկալիքները մասամբ արդարացան: Մեծ ցանկություն ուներ, որպեսզի Վանաձորում իրենց իրավունքների համար փողոց դուրս գալու մշակույթ ձևավորվեր․ - «Որպեսզի քաղաքացին կարողանա նաև իր իրավունքից օգտվի, հստակ նման ակնկալիք ունեի, ու կարծում եմ ինչ-որ չափով հասանք դրան»:

29-ամյա ակտիվիստը, ով օրեր շարունակ Վանաձորում մասնակցել է բողոքի ցույցերին, վստահ է՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվում է նաև Երևանում:

«Ես կարծում եմ՝ հիմա իրենք ուղղակի երկու հարթակում են պայքարում․․․ Ես դրան որպես բաժանում չեմ նայում․․․ Պատրաստ կլինեն նաև գնալ Երևան», - նշում է ակտիվիստը:

Անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտի անցկացմանն՝ ասաց, որ դա իրենց ներկայացրած երեք պահանջներից մեկի մի մասն է միայն․ - «Պետք է շեշտեմ նաև՝ աուդիտի անցկացումը շատ կարևորում էի ես: Ես հիմա խիստ կասկածում եմ՝ արդյոք ռուսական կազմակերպություն չի անցկացնելու աուդիտը: Ու ես, կներեք, բայց չեմ վստահում ռուսական կազմակերպություններին էսպիսի քաղաքական կոնտեքստ ունեցող հարցերի շուրջ, որովհետև էս պրոցեսը արդեն քաղաքական կոնտեքստ ստանում է»:

Արտաշեսն աշխատում է «Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունում, ցույցի օրերին աշխատանքին զուգահեռ հասցնում էր նաև մասնակցել հոսանքի թանկացման դեմ քննարկումներին, իրազեկման աշխատանքներին, ապա նաև՝ ամեն երեկո մինչև կեսգիշեր տեղի ունեցող բողոքի ցույցերին:

Այսօր էլ պատրաստ է Վանաձորում ցույց լինելու դեպքում փողոց դուրս գալ, ասում է՝ իրենց պահանջները դեռ չեն բավարարվել:

XS
SM
MD
LG