Մատչելիության հղումներ

Գյումրեցի ակտիվիստները երկարացրին իշխանություններին տրված վերջնաժամկետը


Նրանք պահանջում են կարճել Կարեն Պետրոսյանին առաջադրված խուլիգանության մեղադրանքը։

Գյումրեցի ակտիվիստները իշխանություններին մինչև հուլիսի 7-ը վերջնաժամկետ էին ներկայացրել՝ իրենցից մեկին՝ Կարեն Պետրոսյանին առաջադրված խուլիգանության մեղադրանքով հարուցված քրեական գործը կարճելու պահանջով: Հակառակ դեպքում ակտիվիստները սպառնում էին դիմել անհնազանդության կտրուկ քայլերի:

Իշխանությունները գործը չեն կարճել, և ակտիվիստները քիչ առաջ նոր հայտարարություն տարածեցին՝ երկարացնելով իշխանություններին տրված ժամկետը մինչև հուլիսի 14-ը:

Նստացույցի մասնակից, գյումրեցի ակտիվիստ Կարեն Ավագյանն ասաց, որ ժամկետը երկարաձգել են` լսելով Շիրակի թեմի առաջնորդի հորդորը: «Բայց այնուամենայնիվ մեզ համար սա մնում է սադրանք, որը կիրառվում է երիտասարդ գիտնականի, ակտիվիստի նկատմամբ՝ մարդկանց բողոքի ձայնը լռեցնելու համար», - ասաց Ավագյանը։

Հարցին, թե արդյո՞ք եղել են սպառնալիքներ ցուցարարների նկատմամբ, ակտիվիստ Արմեն Ներսիսյանը պատասխանեց. - «Մեկ շաբաթվա նստացույցով խումբը ցույց տվեց, որ տարբեր ճնշումներից չի վախեցել և բավականին գիտակցված քայլերով է առաջ գնացել։ Հետևաբար, ճնշման տրամաբանություն, հետքայլ, նահանջ, այս ամենը չի տեղավորվում մեր ձեռագրերում, հետևաբար սա նույնպես պայքարի տարբերակ է»։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների առաջին իսկ օրից Գյումրին բավական ակտիվ էր, սակայն այժմ այստեղ պասիվություն է նկատվում: Հարցին, թե արդյո՞ք շարժումը մարեց, Ներսիսյանը պատասխանեց. - «Մարելու խնդիր չկա. դուք գիտեք, որ շարժումը ինքնաբուխ էր, և արժանապատվության հետ կապված շարժումը սկսվեց, որոշակի հանգրվանի հասանք, հանգրվանում մենք փաստեցինք այն ձեռքբերումներն ու բացթողումները, որոնք կային, որից հետո խմբային օրակարգ այլևս գոյություն չունի»։

Ակտիվիստը, սակայն, նշեց, որ դա չի նշանակում, թե կրկին չեն համախմբվի, բողոքի ակցիաներ չեն իրականացնի՝ հավելելով, որ հիմա հիմնական գործընթացները Երևանում են տեղի ունենում, և իրենք սպասում են:

Գյումրեցի ակտիվիստ Կարեն Ավագյանի խոսքով, իրենցից ամեն մեկն անհատապես է փորձում այս կամ այն կերպ օգնել նոր փուլ մտած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:

«Ես, օրինակ, հիմնականում առայժմ ուսումնասիրում եմ փաստաթղթերը։ Աուդիտը համարում եմ անիմաստ, քանի որ կան հին աուդիտի տվյալներ և բազմաթիվ տվյալներ, որոնցում խախտումներ են եղել, և ոչ ոք չի պատժվել։ Հարցեր կան պարզելու, որոնք վերաբերում են էներգիայի կորստի ծավալներին. ինչո՞ւ պետք է այդքան շատ լինեն Հայաստանի պես փոքր երկրում։ Պետք է ամենասկզբից գալ, նույնիսկ «Գազպրոմ»-ի 5.37 գազի կորուստներից և այլն», - ասաց Ավագյանը։

Նշենք, որ ոստիկանությունը Գյումրիի Թատերական հրապարակում շուրջօրյա հսկողություն է սահմանել: Ժամը 18-ին բավական թվով մարդիկ են հավաքվում ու քննարկումներ ծավալում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

XS
SM
MD
LG