Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթը կքննարկի Հայաստանի Անկախության օրը


Իսրայելի Քնեսեթի շենքը Երուսաղեմում

Իսրայելի Քնեսեթի շենքը Երուսաղեմում

Իսրայելի խորհրդարանի հանձնաժողովում քննարկման ժամանակ ճանաչման օգտին է հանդես եկել նույնիսկ այս հարցում սովորաբար բացասական դիրքորոշում ունեցող ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Իսրայելի Քնեսեթի պատգամավորները խոստանում են արձակուրդից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը մտցնել օրակարգ:

Այսօր առավոտյան Քնեսեթի կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովում ի վերջո տեղի ունեցավ նախագծի քննարկումը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կրկին հրեա պատգամավորների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռ մայիսի 12-ին, երբ «Մերես» կուսակցության ղեկավար Զահավա Գալ-Օնն այն օրակարգում քննարկելու առաջարկությամբ հանդես եկավ: Հարցը այն ժամանակ փոխանցվեց կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովին, որն էլ այսօր լիագումար բաց քննարկում էր կազմակերպել:

Նիստի ավարտից հետո Հայ դատի տեղի պատասխանատուներից Հակոբ Սևանը «Ազատությանը» Քնեսեթից տեղեկացրեց, որ այս անգամ բավական լուրջ հաջողություններ են արձանագրվել: Հայ ժողովրդի բարեկամ գործող և նախկին բազմաթիվ պատգամավորներ ու պրոֆեսորներ են ելույթ ունեցել, նույնիսկ այս հարցում սովորաբար բացասական դիրքորոշում ունեցող Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչն է շատ դրական արտահայտվել ճանաչման օգտին՝ նշելով, որ հայ - հրեական հարաբերությունները գնալով ավելի են սերտանում: Ոչ մի դեմ ելույթ չի եղել այս անգամ:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, իսկ Հայոց պատրիարքարանը ներկայացնում էր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, մնացածը տեղի Հայ դատի պատասխանատուներն էին:

Նիստի արդյունքում որոշվել է նախագիծը լիագումար նիստում դնել քննարկման, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը վերջնականապես Քնեսեթում լուծվի: Որոշվել է նաև հարցը քննարկել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը: Երրորդ կարևոր որոշումը վերաբերում է կրթության և գիտության նախարարությանը, որին խորհրդարանական հանձնաժողովը հատուկ հանձնարարություններ է տվել՝ ավելի խորությամբ ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը և փոփոխություններ մտցնել նաև ուսումնական ծրագրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG