Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են


Բանակցությունների մասնակիցների փոխանցմամբ՝ աշխատանքը կենտրոնանալու է հստակ ձևակերպումների վրա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետությունների, ինչպես նաև Գերմանիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները երեկ օրվա երկրորդ կեսին մեկնեցին Վիեննայից: Դա, սակայն, ոչ թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման մասին է վկայում, այլ հակառակը` դրանց ընթացքում արձանագրված առաջընթացի:

Ավստրիայի մայրաքաղաքից հեռանալուց առաջ նման հայտարարություն է արել բանակցությունների մասնակիցներից մեկը` Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին:

«Արտաքին գործերի նախարարները հեռանում են Վիեննայից, քանի որ այս պահից սկսած աշխատանքը կենտրոնանալու է հստակ ձևակերպումների վրա: Դա աշխատանքային խմբերի, մասնավորաբար` տարբեր երկրները ներկայացնող փորձագետների գործն է: Այդ աշխատանքը վերաբերելու է բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական խնդիրների», - նշել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` պնդելով, որ կողմերը բավական բարդ այս բանակցությունների ընթացքում կարողացել են որոշակի առաջընթաց արձանագրել հենց արտգործնախարարների շնորհիվ․ - «Ամենակարևոր առաջընթացը, ըստ իս, հետևյալն է` արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում առաջացած ճնշման շնորհիվ կողմերը որոշեցին հանդես գալ դեռևս չլուծված խնդիրներին վերաբերող գաղափարների ու առաջարկությունների փաթեթով»:

Իրանական կողմը ևս հաստատում է այս տեղեկությունները: ISNA գործակալության հետ զրույցում իրանական պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ պաշտոնական Թեհրանն առաջիկա ժամերին կներկայացնի առաջարկների իր փաթեթը:

«Մենք պատրաստվում ենք կառուցողական առաջարկներով հանդես գալ, սակայն կան [զիջումների] որոշակի սահմաններ, որոնք մենք հատել չենք պատրաստվում», - նշել է իրանցի դիվանագետը՝ լրագրողներին խնդրելով չհրապարակել իր անունը:

Եվ քանի դեռ բանակցությունները կրկին տեղափոխվում են աշխատանքային խմբերի մակարդակ, գլխավոր անպատասխան հարցը շարունակում է մնալ դրանց ավարտի ժամկետը: Նախապես սահմանված վերջնաժամկետները արդեն երկու անգամ լրացել են, սակայն բանակցությունների ավարտը դեռ չի երևում:

Դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով, այսօր երեկոյան բանակցություններում ներգրավված եվրոպական պետությունների` Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները կարող են վերադառնալ Վիեննա` տեղում փորձագիտական խմբերի աշխատանքին հետևելու համար: Չի բացառվում, որ բանակցությունները շարունակվեն ևս երկու օր, և արդեն ուրբաթ օրը` հուլիսի 10-ին գերտերությունների և Իրանի արտաքին գործերի նախարարները հերթական լիագումար նիստն անցկացնեն` փորձելով ամփոփել մասնագիտական խմբերի աշխատանքն ու վերջապես քաղաքական որոշում կայացնել` միջազգային հանրությունն ու Թեհրանը կնքո՞ւմ են երկար սպասված համաձայնագիրը, թե՞ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG