Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը տուգանվեց 60 մլն դրամով


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր 60 միլիոն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ էլեկտրական ցանցին սպառողներին միացնելու սահմանված կարգը խախտելու համար։

Պարզվում է, որ չնայած կնքված պայմանագրերին, ռուսաստանյան ընկերությունը ոչ միայն տևական ժամանակ չի կատարել իր պարտականությունը և սպառողներին չի միացրել էլցանցին, այլև ընթացիկ տարվա մարտի 31-ին ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հրաման է արձակել, ըստ որի այդ պահից սկսած նոր սպառողները էլցանցին միացվելու համար սահմանված վճարից բացի, պիտի վճարեին նաև այդ նպատակով ընկերության կատարած բոլոր աշխատանքների ծախսերը՝ պայմանով, որ հետագա հինգ տարիներին ՀԷՑ-ը այդ գումարը փոխհատուցելու է՝ մատակարարված էլեկտրաէներգիայի տեսքով:

Հանձնաժողովի նիստում Բիբինը այդ որոշումը հիմնավորեց ընկերության ծանր ֆինանսական վիճակով և հավելեց, որ հունիսի 23-ի իր հրամանով ուժը կորցրած է ճանաչել այդ որոշումը:

«Սպառողների համար դա, թերևս, վատ է: Բայց որպեսզի էլցանցին միացնելու գործընթացը չկանգնեցնենք, ցանկանում եմ ասել, որ միացման բոլոր հայտերը ընդունվում էին, մշակվում էին, կատարվում էր նախագծային աշխատանք», - պարզաբանեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը:

Նրանից անմիջապես հետո խոսք վերցրեց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը․ - «Եթե դուք ինքներդ պիտի որոշեք որն է ճիշտը, որն է սխալը, ապա այս հանձնաժողովի հետ ինչո՞ւ եք ընդհանրապես առնչվում: Գնացեք ինքներդ ձեզ համար հրաման տվեք, աշխատեք, մեր կարգերը դրեք մի կողմ, մեր հայաստանյան օրենքները դրեք մի կողմ, ձեր ճիշտ ու սխալով աշխատեք»:

Ինչպես նախորդ 10 տուգանքների դեպքում, հանձնաժողովը միաձայն գտավ, որ ՀԷՑ-ը ապօրինի քայլ է կատարել, և Բիբինի այդ հրամանը ընկերության վրա նստեց 10 մլն դրամ: Իսկ ընդհանուր տուգանքը կազմեց 60 մլն դրամ:

«Ազատության» հետ զրույցում երևանաբնակ Վիգեն Արաբյանը պատմեց, որ ավելի քան չորս տարի առաջ կառուցված իրենց բազմաբնակարան շենքը առայսօր միացված չէ էլցանցին․ - «2010-ի նոյեմբերին շենքը ստացել է իր ավարտական ակտը, որից հետո մի քանի անգամներ անձամբ, մի քանի անգամներ բանավոր և մի քանի անգամներ գրավոր դիմումներ ենք ներկայացրել: Ոչ մեկից ոչ մի տեսակ պատասխան չենք ստացել»:

Այսօր հանձնաժողովը հաստատեց նաև ՀԷՑ-ի 2015 թվականի ներդրումային ծրագիրը՝ 8.5 միլիարդ դրամ: Հատուկ ընդգծվեց, որ այն չի հանգեցնելու էլեկտրաէներգիայի հերթական թանկացմանը:

Այսօր էլ ՀԷՑ-ի ղեկավարը չցանկացավ պատասխանել լրագրողներին հարցերին:

Ընկերության խոսնակ Նատալյա Սարջանյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ՀԷՑ-ը չի վաճառվել, այդ նպատակով բանակցություններ չեն ընթանում, Բիբինը հանդիսանում է գլխավոր տնօրեն, և այս պահին ՀԷՑ-ը մտադիր չէ սնանկացման գործընթաց սկսել:

«Ազատության» հարցին, թե երբ է սկսվելու աուդիտը, Նատալյա Սարջանյանն արձագանքեց․ - «Աուդիտի սկսվելու հետ կապված մեկ անգամ ևս ասում եմ, որ ներկայիս դրությամբ տեխնիկական առաջադրանքի վրա են աշխատում ՀՀ կառավարությունը և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը: Տեխնիկական առաջադրանքը կազմելուց հետո արդեն կհայտարարվի մրցույթ, մրցույթի արդյունքում կորոշվի այն ընկերությունը, որը անցկացնելու է աուդիտը: Այս պահին ժամկետների մասին որևէ բան չեմ կարող ասել»:

«Իսկ աուդիտի ժամկետները կարո՞ղ եք ասել մոտավորապես, երբ որոշվեց, որ սկսվելու է, մոտավորապես ինչքա՞ն կտևի», - «Ազատության» այս հարցին էլ ՀԷՑ-ի խոսնակը պատասխանեց. - «Աուդիտի ժամկետները նշվել են երեքից վեց ամիս»։

XS
SM
MD
LG