Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ-ում քվեարկության կդրվի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձևը


Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի համայնապատկեր
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի համայնապատկեր

Կանադայի պատվիրակության ներկայացրած բանաձևում նշված է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։

Հելսինկիում անցկացվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) լիագումար նստաշրջանում այսօր նախատեսվում է քվեարկության դնել Կանադայի պատվիրակության ներկայացրած բանաձևը, որը խստորեն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում։

Ամենամյա այս նստաշրջանը նվիրված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակին, որը «սառը պատերազմի» ժամանակ ստորագրեցին Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների և նախկին Խորհրդային Միության առաջնորդները։ Կանադայի պատվիրակության ներկայացրած բանաձևում նաև նշված է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։

Ռուսաստանի պատվիրակությունը Վեհաժողովի այս նստաշրջանին չի մասնակցում։ Ֆինլանդիայի իշխանությունները մուտքի վիզա չէին տվել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, քանի որ նրա անունը ներառված է Եվրամիության պատժամիջոցների ցանկում։ Նրա և ռուսաստանցի ևս մի քանի պատգամավորների մուտքը Եվրամիություն՝ Շենգենյան գոտի արգելված է։ Որպես բողոքի նշան՝ Ռուսաստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել նստաշրջանին, ինչի կապակցությամբ մի քանի երկրների ներկայացուցիչներ ափսոսանք են հայտնել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը առաջարկել է նստաշրջանում Ռուսաստանի բացակայության պայմաններում ընդհանրապես չքննարկել Ռուսաստանին վերաբերող որևէ հարց։ Նա առաջարկել է Ռուսաստանին առնչվող բոլոր հարցերը քննարկել աշնանային նստաշրջանում, որն անցկացվելու է Մոնղոլիայում։

Ըստ «Կոմերսանտ»-ի հուլիսի 6-ի հրապարակման՝ Վեհաժողովի նիստում Ռուսաստանին պաշտպանել է միայն Հայաստանը։ Թերթը մեջբերել է Գեղամյանին. - «ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը փորձում է խստություն և անհանդուրժողականություն ցուցաբերել, բայց չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը արդեն 1990-ականների Ռուսաստանը չէ, ճնշումը անիմաստ է։ Վլադիմիր Պուտինի հետ պետք է և կարելի է համաձայնությունների հասնել, ինչի կոչ են անում եվրոպական որոշ առաջնորդներ»։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, նստաշրջանում Գեղամյանը բաժանել է յոթ լեզվով տպագրված գրքույկներ՝ «Ռուսաստնի հրեշացումը ոչ մի լավ բանի չի բերի» վերնագրով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG