Մատչելիության հղումներ

logo-print

Լսումներ Սենատում ԻՊ-ի դեմ պայքարի մարտավարության հարցով


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Պենտագոնում ելույթ է ունենում «Իսլամական պետության» դեմ պայքարի թեմայով, Վաշինգտոն, 6-ը հուլիսի, 2015թ.

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Պենտագոնում ելույթ է ունենում «Իսլամական պետության» դեմ պայքարի թեմայով, Վաշինգտոն, 6-ը հուլիսի, 2015թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը սերունդների պայքար է լինելու։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին մասնակցեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մարտավարությանը նվիրված Սենատի լսումներին:

Լսումների նախաշեմին նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «Իսլամական պետության» դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է չսահմանափակվել միայն ԱՄՆ-ի ռազմական միջոցներով։ «Իսլամական պետություն» խմբավորումը պատեհապաշտ է և ճկուն: Այն Սիրիայի և Իրաքի քաղաքացիական բնակչության մեջ է ներթափանցել: Խմբավորումը արմատախիլ անելու համար ժամանակ է անհրաժեշտ: Դա տեղական ուժերի գործն է, որոնց մենք մեր դաշինքի կողմից պատրաստ ենք վերապատրաստել և ապահովել օդային պաշտպանությամբ», - ասել էր Օբաման։

Անցած օրերին Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական դաշինքը ուժգին օդային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքների՝ «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող հատվածներում:

ԱՄՆ-ի նախագահը մերժել է կրկին Իրաք ցամաքային զորք ուղարկելու բոլոր կոչերը, փոխարենը՝ Իրաքի զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով խորհրդատուներ և ռազմական մասնագետներ է ուղարկել:

Միացյալ Նահանգները համաձայնել է նաև վարժեցնել չափավոր սիրիական ապստամբների: Լրատվամիջոցների հաղորդմամբ, սակայն, նախատեսված 5 հազար 400-ից մինչ օրս հաջողվել է վարժեցնել ընդամենը 100 ապստամբի:

Օբաման ընդգծել է, որ ահաբեկիչներին հաջողվում է իրենց շարքերը ներքաշել մարդկանց ամբողջ աշխարհից, այդ թվում և Միացյալ Նահանգներից: ԱՄՆ-ի նախագահի խոսքով, «Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է դիտարկել ավելի լայն շրջանակում՝ «որպես պայքար հանուն մարդկանց սրտի և մտքի», ինչը նշանակում է, որ այն սերունդների պայքար է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG