Մատչելիության հղումներ

Հունաստանը պարտավորվել է վաղը ծրագիր ներկայացնել


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը (ձախից), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը (աջից երկրորդը) և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում բանակցությունների ժամանակ, 7-ը հուլիսի, 2015թ․

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը (ձախից), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը (աջից երկրորդը) և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում բանակցությունների ժամանակ, 7-ը հուլիսի, 2015թ․

Եվրամիության երկրները Հունաստանից ակնկալում են ստանալ հնարավորին չափ պարզ և թափանցիկ ծրագիր։

Հունաստանը պարտավորվել է վաղը՝ հունիսի 9-ին, եվրոյի գոտու և Եվրամիության անդամ մյուս պետություններին ներկայացնել պարտքերի մարման և երկրում տնտեսական իրավիճակի բարելավման ծրագիրը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հրավիրած գագաթնաժողովից հետո այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես դեռ պետք է տեսնեմ, թե ինչ չափով է Հունաստանի կառավարությունը պատրաստ կարգավորել այս խնդիրը՝ փակելով ֆինանսական ճեղքերը և մարտահրավերների դեմն առնելով», - ասել է Մերկելը։

Գերմանիայի կանցլերի խոսքով, Հունաստանում անցած հանրաքվեն ոչ միայն կապել է այդ երկրի կառավարության ձեռքերը, այլև՝ եվրոյի գոտու մյուս 18 անդամ երկրներին զրկել է ճկուն մոտեցման հնարավորությունից:

Նրա խոսքով, Եվրամիության երկրները Հունաստանից ակնկալում են ստանալ հնարավորին չափ պարզ և թափանցիկ ծրագիր, որը նրանց կհամոզի Աթենքի պատրաստակամության մեջ։ «Մենք համոզվա՞ծ ենք, որ Հունաստանն ի վիճակի է կարգավորել այս խնդիրները։ Առայժմ ես այդպես չէի ասի», - նշել է Մերկելը:

Իր հերթին, Դոնալդ Տուսկն ասել է, որ եվրոյի գոտու իշխանությունները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ապահովվի գոտու ֆինանսական կայունությունը, քանի որ, ըստ Տուսկի, խնդիրը մարտահրավեր է բոլոր անդամ պետությունների համար։

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից, այս խնդիրն ազդելու է ամբողջ Եվրոպայի վրա, ու եթե որևէ մեկը կարծում է, որ դա այդպես չէ, նա միամիտ է», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Եվրոյի գոտու մյուս անդամ պետությունները չեն պատրաստվում ո՛չ պարտքի չափը կրճատել, ո՛չ էլ անվերջ սպասել, իսկ վերջնաժամկետն այս շաբաթ ավարտվում է։

Կիրակի՝ հուլիսի 12-ին եվրոյի գոտու և Եվրամիության երկրները ևս մեկ գագաթնաժողովի կհավաքվեն, որտեղ նախատեսվում է վերջնական որոշում ընդունել Հունաստանի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG