Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի կրոնական փոքրամասնությունները կոչ են անում «Քեմփ Արմեն»-ը վերադարձնել հայերին


Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․

Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․

Հարցը Ստամբուլում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ բարձրացրել է հրեական համայնքի ղեկավարը:

Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում երկրի իշխանություններին Ստամբուլի հայ համայնքին վերադարձնել այսպես կոչված «Քեմփ Արմեն»-ը` քաղաքի Թուզլա կոչվող թաղամասում գտնվող և ժամանակին որպես հայկական որբանոց ծառայած շինությունն ու դրան հարող տարածքը:

Այս կոչը հնչել է երկուշաբթի երեկոյան կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կազմակերպված պաշտոնական ճաշկերույթի` իֆթարի ընթացքում:

Իֆթարն ըստ մահմեդական ավանդույթի սրբազան Ռամադան ամսում կազմակերպվող այն ճաշկերույթն է, որ մատուցվում է մայրամուտից անմիջապես հետո: Հուլիսի 6-ի ճաշկերույթը, որին մասնակցել է նաև Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մատուցվել է Ստամբուլի հրեական հիվանդանոցի բակում: Եվ պատահական չէ, որ «Քեմփ Արմեն»-ը հայերին վերադարձնելու հարցն առաջինը՝ տանտիրոջ իրավունքով, բարձրաձայնել է հենց հրեական համայնքի ներկայացուցիչը:

Թուրքիայի հրեական համայնքի ղեկավար Իսհակ Իբրահիմզադեն, դիմելով ճաշկերույթին ներկա թուրք պաշտոնյաներին, հայտարարել է․ - «Մենք բարձր ենք գնահատում ոչ մահմեդական կրոնական փոքրամասնություններին իրենց ունեցվածքը վերադարձնելու ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը: Ակնկալում ենք, որ նույնը կարվի նաև «Քեմփ Արմեն»-ի դեպքում, և այն կվերադարձվի իր իսկական տերերին` հայ համայնքին», - նշել է Իբրահիմզադեն:

Հիշեցնենք՝ «Քեմփ Արմեն»-ը Հայկական բողոքական եկեղեցու հովանու ներքո գործող որբանոց-ամառային ճամբար էր, որ բացվել էր 1963-ին: Իր մանկության մի քանի տարիներն այստեղ է անցկացրել «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքը: 1974 թվականին, սակայն, Թուրքիայի գերագույն դատարանը որոշում ընդունեց, ըստ որի` կրոնական փոքրամասնությունները ներկայացնող կառույցները չեն կարող անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալ: Որպես հետևանք՝ 1983-ին որբանոցը փակվեց, իսկ հողը վերադարձվեց նախկին սեփականատերերին:

Մի քանի ամիս առաջ էլ «Քեմփ Արմեն»-ի ներկայիս սեփականատերը փորձեց ամբողջությամբ քանդել ճամբարը և դրա տեղում նոր շինություն կառուցել, ինչը հանդիպեց Ստամբուլում բնակվող հայ երիտասարդների կտրուկ հակազդեցությանը: Նրանց կազմակերպած բողոքի ցույցերն էին, որ ստիպեցին առժամանակ դադարեցնել շինարարությունը:

Վերջում հավելենք, որ կրոնական փոքրամասնությունների ղեկավարների պատվին կազմակերպված ճաշկերույթին ներկա թուրք պաշտոնյաները այդպես էլ որևէ հստակ պատասխան չհնչեցրեցին «Քեմփ Արմեն»-ի հարցում: Միայն փոքրամասնությունների ունեցվածքը տնօրինող գերատեսչության` Հիմնադրամների գլխավոր տնօրինության ղեկավար Ադնան Էրթեմը հայտարարեց, թե թուրքական պետությունը վերջին տարիներին լուրջ քայլեր է ձեռնարկել քրիստոնյաներին պատկանող ունեցվածքի վերադարձի ուղղությամբ, բայց այդ գործընթացը դեռ չի ավարտվել:

XS
SM
MD
LG