Մատչելիության հղումներ

Անցած կիրակի Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Մրցանակները հանձնվեցին չորս անվանակարգերում՝ Հույս, Հավատք, Սեր և Խաղաղություն:

Իսկ այսօր փառատոնի կազմակերպիչները լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեցին դրա արդյունքները:

Փառատոնի բացումը տեղի է ունեցել հունիսի 22-ին Երևանում՝ Կարապի լճի մոտ, որտեղից ավելի քան 160 մասնակիցները մեկնել էին Հառիճավանք, որտեղ էլ անցկացվել է բուն փառատոնը՝ բացօթյա կինոդիտումներ՝ հետագա քննարկումներով, համերգներ, այլ միջոցառումներ:

«Ֆրեսկո»-ի տնօրեն Շահեն Նազարենկոն նշեց, որ այս տարի փառատոնն ավելի հետաքրքիր ընթացք ստացավ․ արվեստագետներից շատերը հենց տեղում էին ստեղծագործում: Իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, օրինակ, այստեղ սկսեց իր «Հայի աչքեր» շարքը: Դարյա Կատյուխը Սանկտ Պետերբուրգից բոլորին հիացրել էր ավազանկարչությամբ, որն ուղեկցվել էր հոգևոր երգեցողությամբ՝ Գևորգյան ճեմարանի սաներ կատարմամբ:

«Այս տարի փառատոնը տեղի էր ունենում Ցեղասպանության 100-րդ տարելիցի լույսի ներքո: Արդեն ուղերձները՝ հավատք, լույս, սեր և խաղաղություն․․․ Մրցանակները տրվում են հենց այդ ուղերձների համար», - հավելեց Նազարենկոն:

«Ձևաչափով [փառատոնը] որևէ ստանդարտի չի համապատասխանում: Այդ ստանդարտներից դուրս է: Ներկա էին ոչ միայն քրիստոնյա երկրներից, այլև մահմեդական երկրներից, ովքեր մեծ հետաքրքրությամբ են մասնակցում», - ասաց փառատոնի հոգևոր խորհրդական Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Աննա Կարապետյանը շեշտեց, որ մինչև մարզեր մեկնելը մասնակիցները եղել են Բաղրամյան պողոտայում, զրուցել են նստացույցի մասնակիցների հետ, լուսանկարել ու տեսանկարել են:

«Պատահական չէր», - շարունակեց Կարապետյանը: - «Փառատոնը հոգևոր փառատոն է: Հիմնական նպատակը հոգևոր, բարոյական, սոցիալական թեմաներ բարձրացնելն է: Մենք շատ մտահոգ էինք սկսում, որովհետև քաղաքում լարվածություն կար, և մինչև վերջին օրը մենք մտածում էինք՝ անե՞լ, թե՞ հետաձգել: Շատ հյուրեր կային, որ վերջին պահին հրաժարվեցին մասնակցությունից: Բայց այն մարդիկ, ովքեր ներկա գտնվեցին, կապեցին թեմաները, ասում էին՝ չէ՞ որ նույն սոցիալական թեման է, նույն հոգևոր բարոյական թեման է»:

Ուշագրավ է, որ փառատոնին մասնակցել են միայն երկու հայ արվեստագետներ: Նրանցից Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» խորագրով հաշմանդամների մասին պատմող ֆիլմը մրցանակի է արժանացել «Հավատք» անվանակարգում: Ի դեպ, փառատոնի բոլոր մրցանակները պատրաստել էին Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

XS
SM
MD
LG