Մատչելիության հղումներ

Բաքուն ուսումնասիրում է ռուս մեծահարուստի Ղարաբաղ տեղափոխվելու փաստը


Գերման Ստերլիգով, արխիվ

Գերման Ստերլիգով, արխիվ

Պաշտոնական Բաքուն այժմ ուսումնասիրում է ռուսաստանցի մեծահարուստ, հայտնի ֆերմեր Գերման Ստերլիգովի՝ բնակության համար Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու փաստը: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ըստ նրա, Ստերլիգովն ու նրա ընտանիքը ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանն ու անցել «Հայաստանի կողմից օկուպացված տարածք՝ խախտելով օրենքը», և հարցն ուսումնասիրելուց հետո գործարարի անունը համապատասխան ընթացակարգով կընդգրկվի «անցանկալի անձանց ցուցակում»:

Ռուսական և դրանք վկայակոչելով՝ նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նախօրեին հաղորդել էին, թե Գերման Ստերլիգովը, նրա կինը և հինգ զավակները երեք շաբաթ առաջ մեկնել են Ռուսաստանից՝ որպես նոր բնակավայր ընտրելով Լեռնային Ղարաբաղը: Այստեղ, ըստ նույն աղբյուրների, 48-ամյա մեծահարուստը էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության նոր տնտեսություն է կազմակերպում:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել են Ստերլիգովի այցը՝ միաժամանակ նշելով, որ նա գրանցվել է որպես զբոսաշրջիկ:

Ստերլիգովը հետխորհրդային Ռուսաստանի առաջին միլիոնատերերից է, հայտնի դարձավ 1990-ականների սկզբին, երբ հիմնադրեց երկրում առաջին՝ «Ալիսա» ապրանքահումքային բորսան, որը մի քանի տարում վերածվեց խոշոր հոլդինգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG