Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջը դեռ չի երևում


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջը դեռ չի երևում
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00

Չնայած բանակցությունների նման դժվար ընթացքին` կողմերը դեռ չեն կորցնում հույսը, որ առաջիկա ժամերին հնարավոր կլինի լուրջ առաջընթաց արձանագրել:

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում համաձայնության գալու վերջնաժամկետը հուլիսի 8-ի վաղ առավոտն է», - ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է Վիեննայի գագաթնաժողովին մասնակցող իրանցի դիվանագետներից մեկը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող հինգ պետությունների, Գերմանիայի և Իրանի դիվանագետները պայմանավորվել էին, որ համաձայնագրի ամբողջական տեքստի մշակման վերջնաժամկետն այսօր է:

Վերջին ժամերի իրադարձությունները, սակայն, վկայում են, որ մթնոլորտը բանակցային սեղանի շուրջ գնալով ավելի է թեժանում: Անցած գիշեր բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը նոր պահանջ առաջ քաշեց` տնտեսական պատժամիջոցները վերացնելուց բացի, չեղյալ հայտարարել նաև Իրանին սովորական սպառազինությունների` մասնավորաբար բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի համար անհրաժեշտ բաղադրիչների ներմուծման վրա սահմանված արգելքը:

Արևեմտյան մի շարք լրատվամիջոցների պնդմամբ` պաշտոնական Թեհրանի այս դիվանագիտական հնարքը պառակտել է բանակցություններին մասնակցող պետություններին: Եթե Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կտրականապես դեմ են Իրանին մատակարարվող զենքի` 2007-ին սահմանված էմբարգոն վերացնելուն, ապա Չինաստանն ու Ռուսաստանը տրամագծորեն հակառակ տեսակետն ունեն:

Ստեղծված իրավիճակում այսօր կեսօրին բանակցությունները` արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, շարունակվեցին, սակայն մի քանի ժամ անց կողմերը կրկին վերադարձան կուլիսային երկկողմ խորհրդակցությունների ձևաչափին:

Արևմտյան դիվանագետներից մեկը Վիեննայի բանակցությունների ընթացքին հետևող լրատվամիջոցներին փոխանցել է, որ այժմ բանակցությունները ծավալվել են հինգ խնդիրների շուրջ, որոնցից երկուսը լուրջ տարաձայնությունների ծագման պատճառ են հանդիսանում:

Չնայած բանակցությունների նման դժվար ընթացքին` կողմերը դեռ չեն կորցնում հույսը, որ առաջիկա ժամերին հնարավոր կլինի լուրջ առաջընթաց արձանագրել: Վիեննայում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեռ երեկ հայտարարում էր․ - «Եթե դուք դիտարկեք այն առաջընթացը, որ մենք կարողացանք արձանագրել վերջին ամիսներին և, ինչու չէ, նաև վերջին մեկ շաբաթում՝ այստեղ Վիեննայում, ապա կտեսնեք, որ 12 տարի տևած բանակցություններից հետո իրական հնարավորություն կա վերջ տալ այս հակամարտությանը, նաև հստակ ազդակ ուղարկել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանին: Դրան հասնելու համար փոխզիջումների գնալու կարողություն և խիզախություն է անհրաժեշտ: Հուսով եմ, որ Թեհրանում կցուցաբերեն նման խիզախություն»:

Սրան զուգահեռ, Իսրայելի կառավարությունը շարունակում է ավելի վաղ մեկնարկած քարոզչական ու լոբբիստական գործողությունների շարքը` ցանկանալով խափանել Իրանի հետ համաձայնագրի կնքումը: Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե Իրանն աշխարհի ամենավտանգավոր պետությունն է: Երեկ էլ Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի նա ժամանակ նշել է․ - «Այս համաձայնագիրը, ինչպես տեսնում ենք, վերածվել է միջազգային հանրության ամենօրյա զիջումների` Իրանի օրեցօր աճող պահանջների ֆոնին: Ամեն օր նոր զիջումներ են տեղի ունենում, և բանակցությունների ամեն մի նոր օրն այս համաձայնագիրն ավելի վատն է դարձնում»:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ով ևս մասնակցում է Վիեննայի բանակցություններին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե դրանք ավարտին հասցնելու համար հավելյալ ժամանակ է անհրաժեշտ:

«Առաջիկա մի քանի օրերին մենք կշարունակենք բանակցել: Դա չի նշանակում, թե մենք կրկին փոխում ենք վերջնաժամկետի օրը: Մյուս կողմից, ես դեռ մեկ շաբաթ առաջ էի ասել, որ սահմանված վերջնաժամկետին մենք քիչ թե շատ ճկուն վերաբերմունք ունենք: Դա նշանակում է, որ ժամանակ է անհրաժեշտ համաձայնագիրն ամբողջական տեսքի բերելու համար: Դրա հավանականությունը դեռևս առկա է, թեև մենք այժմ մուտք ենք գործել [բանակցությունների] բավական դժվարին մի փուլ», - նշում էր Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG